Իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «արհավիրքի» մասին արված հայտարարություններին:
«Ինձ ներկայացվել է այդ հայտարարությունը և կոնտեքստից զգացվում է, որ խոսքը ԼՂ խնդրի շուրջ առաջացող բարդությունների մասին է: Սա ոչ միայն վերահաստատում է 2018 թվականի դրությամբ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլ նաև նոր նյուանս է ավելացնում և ավելի ուժեղացնում այդ գնահատականը»,- ասաց նա և նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին՝ առնվազն դա զրոյացնում է այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել:
Նա նշեց, որ մի երկու փորձ է արել նախկին իշխանությունների հետ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում, սակայն «իրենք վիրտուալ իրականություն էին փորձում ստեղծել»:
«Այդ ո՞նց է, որ Սերժ Սարգսյանը կամ իրա թիմը իրենց կենցաղային հարցերով կարար անընդհատ նամակը նամակի հետևից գրեր կառավարությանը, չէր կարա գրեր՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք»,- ասաց նա: