Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակման մասին։

 

«Այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ես իմ լուրջ մտահոգությունն եմ հայտնել Ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։

 

Ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը։ Դրան չի կարելի համակերպվել։

 

Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Եկել է զենքը վայր դնելու, լարվածությունը թուլացնելու և երկխոսություն սկսելու ժամանակը։

 

Միայն բովանդակալից, անվերապահ երկխոսությունը բոլոր կողմերի մասնակցությամբ կարող է հանգեցնել կայուն խաղաղության, որին այլընտրանք չկա։

 

Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ բոլորի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։