Քոչարյանը գնացել Ալիևի հետ չայ էր խմում, Մեղրի էր տալիս․ մոռացե՞լ եք՝ Քիվեսթում Ալիևն ասաց՝ «Да, мы согласни, за Карабах Мегри». այս իշխանություններին ժողովուրդը կարող է բան ասել, բայց Ռոբերտն ու Սերժը այդ բարոյական իրավունքը չունեն

Քոչարյանը գնացել Ալիևի հետ չայ էր խմում, Մեղրի էր տալիս․ մոռացե՞լ եք՝ Քիվեսթում Ալիևն ասաց՝ «Да, мы согласни, за Карабах Мегри». այս իշխանություններին ժողովուրդը կարող է բան ասել, բայց Ռոբերտն ու Սերժը այդ բարոյական իրավունքը չունեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել են, որ խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները՝ անկլավների անվան տակ, Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։  Նշենք, որ Արցախի ԱԺ հայտարարության մեջ նաև նշված էր հետևյալը․ «Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։

 

Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան։ Այս կոչին արձագանքել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ խոսելով վիրավորվածի դիրքերից, թե իրենք զգուշացրել էին վտանգների մասին և որ իրենք Արցախի համար պայքարել են։

 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի և «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։

 

Գրիգոր Հարությունյանը նշեց, որ եթե բողոքելու իրավունք ունեն, ապա միայն ժողովուրդն ունի բողոքելու իրավունք, ո՛չ Սերժը, ո՛չ էլ Ռոբերտը բարոյական իրավունք չունեն բողոքելու, որովհետև սա իրենց արածն է, իրենց ստեղծածն է, և կոնկրետ այսօր այս իշխանությունների գործողություներում էլ, եթե կան բացթողումներ, թերություններ դա էլի նրանց մեղքն է, որովհետև 20 տարի քաղաքական դաշտն այնպես ամայացրեցին, ոչնչացրեցին, իրենց կոմսոմոլներից բացի ոչ մի տեղ, ոչ մի բնագավառում որևէ մեկը չէր կարող ներկայանալ հասարակությանը ու, բնականաբար, այս մարդիկ եկան իշխանությունը վերցրին ժողովրդի ցանկությամբ։

 

«Իհարկե, կատարվում է աշխատանք ներքին բնագավառում տնտեսության զարգացման բնագավառում, դրականը կա, ինչ խոսք ունենք նաև բացթողումներ, դա կլինի։ Բայց ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության էս վիճակին, նրանք պարզապես այդ 20 տարիների ընթացքում էն վիճակին բերեցին հասցրեցին, որ ես ուրիշ ձև չէի էլ պատկերացնում, թե ինչ պետք է լինի։ Սերժն ինքը չէ՞ր ասում, որ պատերազմ է լինելու, կամ Սերժի ժամանակ քառօրյա պատերազմ չեղա՞վ։ Երբ որ Քոչարյան Ռոբերտը գնաց Ստամբուլյան խարտիան 1999 թվին ստորագրեց, ըստ էդ խարտիայի ճանաչում էր նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իրենք գնացել բանակցություններում ասել են՝ ճանաչում ենք, էսպես պետք է լինի, եկել են, ասել են՝ հող տվողը թուրք է։ Այնպիսի բան ստեղծեցին հասարակության մեջ, որ որևիցե մեկը ռիսկ չէր անի այդ ազատագրված տարածքները հետ հանձներ»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։


Նա նշեց, որ 20 տարիների ընթացքում նրանք թալանել են, իրենց երեխաների, իրենց ազգուտակի հարցերն են լուծել, դե թող մի հատ բացատրեն՝ ինչո՞ւ մեր զինվորը պետք է պահածոների տուփերի միջոցով առաջին գիծ պաշտպաներ, այդպես իրենք էին երկիրը ծախել, ամբողջը, և տնտեսությունը և քաղաքական դաշտը դրել էին ռուսների տակ, ռուսներն էլ Ադրբեջանին զենք էին տալիս, այսօր էլ որպես 5-րդ շարասյուն հանդես են գալիս, ի՞նչ են ուզում։

 

«Շատ վատ է, որ այսօր Արցախն այդ վիճակում է, թող լուծում տային, այդ քսան տարիներին։ Հո, ասելով չի՞։ Ամեն մեկը տասը տարի խաբելով, երկիրը թալանելով իրենց հարցեը լուծեցին, հիմա էլ եկել են մեծ-մեծ խոսո՞ւմ են։ Ես այս իշխանություններին առաջին հերթին մեղադրում եմ նրա համար, որ նրանք այսօր կալանավորված չեն։ Քոչարյանը Ղարաբաղի միջոցով չի՞ եկել իշխանության։ Լևոն Տեր-Պետրոսյանին ուլտիմատում չէ՞ր ներկայացրել, կազմակերպել Սերժի հետ միասին։ Իրենք այս 20 տարիների ընթացքում տարել են քաղաքականություն, որ ով հող տա՝ նա թուրք է։ Բայց Քոչարյանը գնացել այնտեղ չայ էր խմում Ալիևի հետ, Մեղրի էր տալիս։ Ինչի մոռացե՞լ եք, որ Քիվեսթում Ալիևն ասաց՝ «Да, мы согласни, за Карабах Мегри»: Հետո էլ ասեց՝ «Шутка»: Չե՞ք լսել դա։ Հանդիպումից հետո Ալիևն այդպիսի արտահայտություն է արել։ Այսինքն՝ Մեղրին ինչ նշանակություն ուներ, որ Ղարաբաղի դիմաց Մեղրի էին ուզում։ Իսկ ներկայացնողը Քոչարյանն էր։ Հիմա Փաշինյանն էլ միջանցքը չի տալիս, ռուսներն էլ ստիպում են, որ միջանցքը տա, որպեսզի երկաթգիծն աշխատի, որովհետև մեկուսացած է, եվրոպական նավահանգիստները բոլորը փակ են իր համար, ոչ մի տեղ չի կարողանում գնալ, ինքն ուզում է Ջուլֆայի գիծը բացել, հետո տեսնում է, որ մի քիչ դժվարություններ կան, պարսիկների հետ պայմանավորվում է, որ Աստարայով գնա»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Նա նշեց, որ միայն այն հարցում, որ այսօրվա իշխանությունները պինդ կանգնել են ու միջանցք չեն տալիս, իրենք պիտի մնան, մինչև տեսնենք ինչ է ստացվելու։

 

Խոսելով Արցախի ԱԺ հայտարարության մասին, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ չի կարող նրանց մեղադրել, քանի որ Արցախի վիճակը վիճակ չի, բայց նրանք էլ թող իրենց գնահատականը տան, թե ինչու եկան հասան այս վիճակին։

 

«Բա էն ժամանակ, որ բանակցություններից դուրս էին թողնում Ղարաբաղը, դա կարմիր գիծ չէ՞ր։ Բա կարմիր գիծն էդտեղից էր սկսել, բա ինչո՞ւ ձայն չէին հանում։ Բա էն, որ 2002 թվականի ընտրություններին ինչի մենք չգիտեինք, որ Սովետաշենում և «Հրազդան» հյուրանոցում ովքեր էին գալիս, որ իրենց ուզած թեկնածուն անցնի։ Երբ որ մարտի 1-ին ժողովրդին ծեծում, ջարդում էին։ Բան չունեմ ասելու, մեղք են էդ ժողովուդը, ես շատ եմ ցավում, պինդ ժողովուրդ են, իրենց հողի վրա կանգնած ժողովուրդ են, բայց ղարաբաղցիք Ղարաբաղը բերեցին հասցրեցին այս վիճակին, հիմա ինչո՞ւ են ուզում ուրիշի վրա գցել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը՝ նշելով, որ այս իշխանություններն էլ ունեն իրենց լուրջ թերությունները, որոնք երևի շատ բաներում այդքան ինֆորմացված չէին և հետո հասկացան՝ ինչ ծանր վիճակի մեջ են։

 

«Իհարկե, պետք չէր Շուշիում այդպիսի արտահայտություններ անել։ Միջազգային հանրության կողմից չի ընդունվում, այսպես ասած, տարածքներ վերցնելը։ Երբ որ ասում ես Ղարաբաղը դա Հայաստան է, միանգամից գնահատական է տրվում։ Սա անփորձության արդյունքն է, երևի թե, բայց ազնվության մեջ ես իշխանություններին չեմ կասկածում, որ իրենք իսկապես ազնվորեն ուզում են հարցը լուծվի։ Եվ ամփոփելով ասեմ, որ այս իշխանությունների մասին ես կարող եմ բան ասել, դուք կարող եք ասել, բայց Սերժն ու Ռոբերտն այդ բարոյական իրավունքը չունեն»,- եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։

 

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ադամյանն էլ ասաց հետևյալը․ «Դե ֆակտո՝ Հայաստանի երեք նախագահներն էլ բավարար ժամանակ ու հնարավորություն ունեցել են Արցախի հարցը լուծելու: Հաշվի առնելով նաև ինչպե՞ս ու ինչու՞ նրանք հեռացան՝ չեն կարողացել լուծել: Քաղաքական ասպարեզում նրանք սպառել են իրենց ժամանակը, ուստի անիմաստ եմ համարում մեկնաբանել նրանց հայտարարությունները: Առավելևս՝ հիմա այլևս երեկվա հարցերը լուծելու ժամանակը չէ»,- ասաց Անահիտ Ադամյանը:

 

Ինչ վերբերում է Արցախի ԱԺ հայտարարությանը, Անահիտ Ադամյանը կարծում է, որ կարող էր նպատակային և բովանդակային լինել, եթե ամբողջությամբ ընկալեին ՀՀ վարչապետի ասուլիսում հնչած հայտարարությունները և առաջնորդվեին ոչ թե հուզական, այլ պրագմատիկ ու իրավիճակին համարժեք գնահատականներ տալու սկզբունքով:

Լիլիթ Թադևոսյան