Ինչ էր հայտարարում Արթուր Վանեցյանը պատերազմից հետո

Ինչ էր հայտարարում Արթուր Վանեցյանը պատերազմից հետո

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած շուրջօրյա նստացույցին՝ նկատելով.

«Փաստենք:

1. Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի՝ Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել։ (- Խմբ. Արթուր Վանեցյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ից՝ 44-օրյա պատերազմից հետո, հրապարակային հայտարարել էր՝ ինքը կարծում է, որ եթե մենք (- խմբ. նկատի ունի հայկական կողմին) հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր՝ որևէ բան չստորագրվեր, թողնվեր Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին):

2. Վանեցյանը, Ազատության հրապարակում մարդկանց հավաքելով, Արցա՞խն է փրկելու: Իհարկե՝ ոչ, նպատակը մեկն է՝ իշխանափոխությունը:

3. Արցախը փրկող, Շուշին ու Հադրութը հետ բերող ընդդիմադիրները մինչ օրս չեն ներկայացրել «փրկության իրենց տարբերակը», փոխարենը հնչեցրել են խոստումներ՝ բաժակաճառերի տեսքով»:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է հայտարարել, քանի որ, ըստ իր հայտարարությունների, գործող իշխանությունն ուզում է Արցախն ամբողջությամբ թողնել Ադրբեջանի կազմում: