Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ երկու երկրների միջև մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու համատեղ ջանքերն առաջ տանելու նպատակով, տեղեկանում ենք ԵՄ կայքից։

Հանդիպմանը, որը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

«Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն»,– ասվում է ԵՄ կայքում զետեղված հաղորդագրությունում։

Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի, ի թիվս այլ հարցերի, շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Նաև նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի:

Նաև նշվում է, որ ԵՄ–ն հավատարիմ է մնում շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։

Հիշեցնենք, որ ԵԽ կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։