Բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործի ադրբեջանական զինուժը. վարչապետ

Բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործի ադրբեջանական զինուժը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ խորհրդարանի նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած միջադեպին:

 

«Այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք խորհրդարանում մանդատները վերցնելու են, հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «արդարացնելու իրենց՝ խորհրդարան գալը». Սեյրան Օհանյանը մի այսպիսի օրինակ բերեց՝ «մարտական գործողությունների ժամանակ, երբ խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թե պետք է պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար»: Բայց ես կարծում եմ՝ էն մարդիկ, ովքեր գրոհի մտադրություններ ունեն, բանախոսներից մեկի այլաբանությամբ, երբ ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքն իրենց մտքերից պետք է դուրս բերեն:

 

Սա, կարծում եմ, բոլորի համար տեսանելի և հստակ իրողություն է: Ընդհանուր առմամբ, այստեղ փորձ արվեց վիճարկել, թե ընտրությունների արդյունքներով արդյոք ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվե՞լ է, թե՞ չի հաղթահարվել:

 

Այո՛, ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է: Ուզում եմ ասել, որ մեծ հաշվով մենք ներքին մարտահրավեր չենք էլ ունեցել և չենք էլ ունենալու»:

 

Փաշինյանի խոսքով՝ ներքաղաքական վիճակի հաղթահարված լինելու թեման վիճարկողները հույս ունեն արտաքին ճգնաժամերի:

«Հիշում եք, մեկը կար ասում էր՝ ես լինեի Ալիևի տեղը, կհարձակվեի: Հետո ոչ բարով, բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործի ադրբեջանական զինուժը, հետո էլ էլի ոչ բարով «Իմ քայլը» ցուցակով խորհրդարանում հայտնված մեկն ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի: Մենք սա պետք է շատ հստակ արձանագրենք. Եթե ռազմական էս տերմինաբանությամբ են ոմանք հարաբերվում, եթե իրենց համար սա խրամատ է, եթե իրենց համար խրամատավորվել են, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում և անհրաժեշտության դեպքում պետք է ըստ այդմ այդ գործողությունները կասեցվեն»,- ասաց Փաշինյանը: