Ալիեւը պարտվում է Փաշինյանին. Regnum

Ալիեւը պարտվում է Փաշինյանին. Regnum

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից, Բլինկենը «շնորհավորել է Հայաստանի ժողովրդին' հունիսի 20-ին անցկացված ընտրությունների կապակցությամբ»: Բայց այս իրադարձությունը մեծ ուշադրություն գրավեց այլ պատճառով:

 

Պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնը «սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող գործընթացին, որը նպատակաուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը», և Հայաստանին « ԵԱՀԿ-ի միջոցով  կառուցողական համագործակցության» կոչ է արել: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հանդես եկավ ավելի ծավալուն տեղեկատվությամբ, նշելով, որ Բլինկենը «հատկապես շեշտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը վերսկսելու կարևորությունը' շեշտելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը թույլ կտա գտնել խնդրի տևական և երկարաժամկետ լուծում»: Բացի այդ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, հանդիպելով Փաշինյանի հետ, հայտարարեց, որ «Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, և այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»: Վերջապես, մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները մերժեցին երկրորդ ղարաբաղյան պատերազմում «ազատագրված» Շուշի այցելելու հրավերը:

 

Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները միաբանություն ցուցաբերեցին այս հարցում: Սա ընկալվում է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրների կարգավորման ընդհանուր մոտեցմանը հավատարիմ մնալու նրանց համաձայնությունը: Սա կարծես սուր հակադրություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունների ֆոնին, իբր «Երեւանը, Սյունիքը, Սեւանը Ադրբեջանի պատմանական տարածքներն են, որ «Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր, կա Ղարաբաղ», որ «սկսվել է շինարարության նոր դարաշրջան ՝ հետհակամարտային շրջան» և «հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտել է իր լուծումը»:

«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված չէ»,- հռետորական կերպով բացականչում է Ալիևը՝ ապա «թող նա նշի, թե ինչպես է տեսնում հակամարտության լուծումը»: Խնդիրն այն է, որ Ալիևը ոչ մի կերպ չի կարողանում հետ քաշվել «հաղթական հռետորաբանությունից», և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ գործում է ուժի դիրքից, մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կայացած խաղաղության համաձայնագրից հետո նա պետք է օգտագործեր «փափուկ ուժի» հնարքներ: Եթե Բաքուն ի վիճակի չէ դա անել՝ իր փոխարեն դա կանեն մյուսները, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սա այբուբենն է, ըստ որի «կարող ես պատերազմը հաղթել մարտի դաշտում և պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ»: Իսկ տվյալ պարագայում Ադրբեջանը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը՝ ըստ էության արգելափակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մեկնարկը, մինչդեռ Երևանը պատրաստ է հետևել համանախագահող երկրների հայտարարությանը, որով հակամարտության կողմերը կոչ են անում վերսկսել բարձր մակարդակի հանդիպումները միջնորդների հովանու ներքո առաջին իսկ հնարավորության դեպքում: Բայց արդյոք սա հնարավո՞ր է: «Նախ նշենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը «ստեղծագործական» բնույթ ունի, և դա չի բացառում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը' հաշվի առնելով, որ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս ուղղությամբ դեռ չի սպառվել: Մինսկի խումբը և նրա համանախագահները պետք է նպաստեն հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման բանակցություններին: Հարցը չի լուծվել, և Մոսկվան, ըստ ամենայնի, դեռ չի որոշել անկախ խաղի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրից դուրս:

Այդ իսկ պատճառով բաց է մնում հետեւյալ հարցը. ինչպես եւ ինչպիսի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է վերսկսել Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու իր միջնորդական առաքելությունըայն պայմաններում, երբ, ինչպես կարծում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, «հին ստստուս-քվոն արմատապես կոտրված է, սակայն նորը դեռեւս կարգավորված չէ», դրա ձեւավորումը տեղի է ունենում, ինչպես ասում են «պիեսի ընթացքում», որտեղ դրաման զարգանում է Մինսկի խմբի գործունեության վերսկսման «հնարավորությունների բացով»։

Միևնույն ժամանակ, Մոսկվան հայտարարում է, որ իր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, և փաստացի հենց Ռուսաստանն է հանդես գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր: «Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված լինելու մասին» Ալիևի հայտարարությունների համատեքստում տրամաբանորեն հետևում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ համաձայնագրերի հնարավորությունը Ղարաբաղում  ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ, ներառյալ, հնարավոր է, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական դրությունը դադարեցնելու կամ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միջանցքի մասին համաձայնագրի կնքումը»,-ասվում է հոդվածում և նշվում, որ տեսականորեն ոչինչ այս ամենին չի խանգարում:

Եթե սկսվի նման սցենար, ապա Մինսկի խմբի իր նախկին ձևաչափով գործունեության անհրաժեշտությունը կվերանա կարգավորման նոր գործոնների ի հայտ գալու պատճառով: Բայց Ալիևը խոչընդոտում է այս ճանապարհին և նրա առաջարկած հետագա գործողությունների հնարավոր տարբերակը, համաշխարհային դիվանագիտության կողմից աջակցություն չի գտնում: Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, եթե Բաքուն սկսի իրագործել Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիգ Զուլֆուգարովի առաջարկը՝ բոյկոտելու Մինսկի խմբի համանախագահող երկրների դիվանագիտական առաքելությունները:

Թարգմանությունը ՝Լյուսիյա Պետրոսյան