Երկու երկրների փոխգործակցության խորացումն անխուսափելի է. Իրանի նորընտիր նախագահն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Երկու երկրների փոխգործակցության խորացումն անխուսափելի է. Իրանի նորընտիր նախագահն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

«Բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ շնորհավորանքն իմ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք մշտապես եղել են բարեկամական: Միջազգային և տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների նույնատիպ և մոտ դիրքորոշումները, որոնք ուղեկցվել են կառուցողական համագործակցությամբ, մեր հարաբերությունների կարևորության ցուցիչն են: Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման»,-ասված է ուղերձում:  Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա ժամանակահատվածում կկարողանան սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ:

«Մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հաջողություն և բարօրություն»,-ասված է Իրանի նախագահի ուղերձում: