ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն մի քանի տասնյակ անշարժ գույք ունեն. որքան գումար եւ գույք են հայտարարագրել կուսակցությունները

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն մի քանի տասնյակ անշարժ գույք ունեն. որքան գումար եւ գույք են հայտարարագրել կուսակցությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը:

 

Դրանից պարզ է դառնում, որ ֆինանսապես Հայաստանում ամենաշատ դրամական միջոցներ ունեցող կուսակցությունը «Լուսավոր Հայաստան»-ն է, իսկ ամենաշատ անշարժ գույք ունեցողները ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ համապատասխանաբար 78 եւ 76 հատ:

 

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 22 կուսակցություն եւ 4 կուսակցությունների դաշինք: Դաշինքների դեպքում դրա մեջ ներառված կուսակցություններն առանձին-առանձին են ներկայացրել իրենց հայտարարագիրը: Ընդհանուր առմամբ 15 կուսակցություն այդ թվում դաշինքների մեջ ներառված՝ ոչինչ չեն հայտարարագրել:

«Արդար Հայաստան» կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել:

 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարագրել է 1 անշարժ գույք, որը գտնվում է Սարյան փողոցի վրա: Նրանց վերջին 1 տարում ունեցած եկամուտը կազմել է՝ 11 մլն 478 հազար 500 դրամ, որը գոյացել է անդամավճարներից եւ նվիրատվություններից: Կուսակցությունն ունի՝ 506 հազար 482 դրամ:

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գույք չի հայտարարագրել: Իսկ վերջին 1 տարում նրանք 39 մլն 3200 դրամ եկամուտ են ստացել պետբյուջեից (օրենքով նախատեսված ֆինանսավորում), 29 մլն 910 հազար 821 դրամ էլ գոյացել է անդամավճարներից եւ նվիրատվություններից:

 

Հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ ՔՊԿ-ի դրամական միջոցները կազմել է 22 մլն 240 հազար 119 դրամ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել:

 

«Ազատություն» կուսակցությունը գույք չի հայտարարագրել: Նրանց եկամուտները կազմել են 10 մլն 565 հազար դրամ եւ 500 դոլար, որը գոյացել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի եւ նրա ընտանիքի անդամներից մեկի մուծումներից:

 

«Պատիվ ունեմ» դաշինքի մեջ ներառված «Հայաստանի հանրապետական» եւ «Հայրենիք» կուսակցությունները եւս ներկայացրել են իրենց հայտարարագրերը:

 

Մասնավորապես՝ ՀՀԿ-ն հայտարարագրել է 78 անշարժ գույք՝ հողատարածքներ, շենք-շինություններ Երևանում եւ ՀՀ այլ մարզերում: Դրանցից 12-ը վարձակալությամբ են վերցրել: Կուսակցությունը հայտարարագրել է նաեւ 1 ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության «Վազ 2121»:

 

ՀՀԿ-ն վերջին 1 տարում եկամուտ է ստացել տարբեր աղբյուրներից: 205 մլն 61 հազար 820 դրամ գոյացել է կուսակցության անդամներից եւ նվիրատուներից, 450 հազար դրամ՝ վարձակալության վճարներից, 5 մլն 208 հազար 500 դրամ ստացել են պետբյուջեից, 450 հազար դրամ՝ 2 այլ ընկերություններից: Ստացել են նաեւ 29 հազար 418 դրամի չափով եկամուտ, որի աղբյուրը հայտարարագրում նշված չէ:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀԿ-ի դրամական միջոցները կազմում է 2 մլն 784 հազար 45 դրամ:

 

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարագրել է միայն 3 անշարժ գույք, որից 2-ն օգտագործում է վարձակալության հիմունքներով, մեկը՝ անհատույց:

 

«Միասնական Հայրենիք» կուսակցությունը եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը եւս ոչինչ չեն հայտարարագրել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 5 անշարժ գույք, որոնք վարձակալության հիմունքներով են օգտագործում: Դրանք գտնվում են՝ Երեւանում, Գյումրիում, Մարտունիում, Հրազդանում եւ Եղեգնաձորում:

 

Վերջին 1 տարում նրանք եկամուտ են ստացել 2 աղբյուրից. 54 մլն 857 հազար 590 դրամ ստացել են անդամավճարներից եւ նվիրատվություններից, 7 մլն 56 հազար 700 դրամ էլ պետբյուջեից՝ օրենքով նախատեսված կարգով:

ԼՀԿ-ի դրամական միջոցները կազմել է 32 մլն 499 հազար 426 դրամ:

 

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը եւս ոչինչ չի հայտարարագրել:

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրել է 1 ոչ բնակելի տարածք՝ Երեւանի Տերյան փողոցում, որն անհատույց օգտագործման իրավունքով է տրված:

 

Վերջին 1 տարում կուսակցությունն ունեցել է 10 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է անդամավճարներից: Նրանց դրամական միջոցները կազմում 1 մլն 30 հազար 466 դրամ:

 

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել:

«Ազատ Հայրենիք» դաշինքի մեջ ներառված 5 կուսակցություններից 4-ը՝ «Պահպանողական» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարների Դաշինք» կուսակցությունը, «Հայ կառուցողական» կուսակցությունը եւ «Հայաստանի կանաչների» կուսակցությունը ոչինչ չեն հայտարարագրել: Դաշինքի մեջ մտնող միակ ուժը, որ ինչ-որ բան է հայտարարագրել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունն է: Վերջին 1 տարում նրանք ստացել են 120 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է 2 նվիրատվություններից:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն գույք չի հայտարարագրել: Վերջին 1 տարում նրանք 9 մլն 151 հազար դրամ եկամուտ են ստացել պետբյուջեից՝ սահմանված կարգով: ԲՀԿ-ի դրամական միջոցները կազմում են 573 հազար դրամ:

 

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը եւս գույք չի հայտարարագրել: ՀԴԿ-ն վերջին 1 տարում ունեցել է 3 մլն 685 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է անդամավճարից: Կուսակցության հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1 մլն 565 հազար դրամ:

«5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել:

 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գույք չի հայտարարագրել: Նրանց վերջին 1 տարվա եկամուտը կազմել է 10 մլն 474 հազար 914 դրամ, որը գոյացել է անդամների եւ համակիրների նվիրատվություններից: ՔՈ ՍԴԿ միջոցները կազմում են՝ 1 մլն 322 հազար 155 դրամ:

 

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ում ներառված «Հանուն Հանրապետության»» կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել:

 

Իսկ «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունը հայտարարագրել է վարձակալությամբ օգտագործվող տարածք Երեւանի Տիգրան Մեծ փողոցում եւ վերջին 1 տարում ստացած 50 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է քաղաքացու նվիրատվությունից:

 

«Ազգային օրակարգ» կուսակցությունը գույք չի հայտարարագրել: Վերջին 1 տարում նրանք ունեցել են 345 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է անդամության վճարներից: Կուսակցության դրամական միջոցները կազմում են՝ 320 հազար 600 դրամ:

 

«Վերելք» կուսակցություն եւս գույք չունի եւ հայտարարագրել է միայն դրամական միջոց՝ 15 հազար դրամ:

«Ազատական» կուսակցությունը որպես անշարժ գույք հայտարարագրել է Երեւանի Ամիրյան փողոցում գտնվող 892 քմ մակերեսով տարածք, որն օգտագործվում է վարձակալական հիմունքներով: Կուսակցության դրամական միջոցները կազմում են 10 մլն 15 հազար դրամ, որը գոյացել է վերջին 1 տարում ստացած նվիրատվությունից:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը եւս ոչինչ չի հայտարարագրել:

Ընտրություններին մասնակցող մյուս ուժը՝«Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը, հայտարարագրել է միայն 2125 դրամ դրամական միջոց:

 

«Հայաստան» դաշինքի կազմում ներառված ՀՅԴ-ն հայտարարագրել է 76 անշարժ գույք՝ շենք-շինություններ եւ հողամասեր Երեւանի եւ ՀՀ տարբեր մարզերում: Դրանցից միայն 3-ն են վարձակալական հիմունքներով օգտագործվում:

 

Վերջին 1 տարում ՀՅԴ-ն 5 աղբյուրից եկամուտ է ստացել: 3 տարբեր աղբյուրներից ստացել է 3 մլն 117 հազար դրամ վարձակալության գումար, 4 մլն 304 հազար 400 դրամ ստացել է պետբյուջեից օրենքով սահմանված կարգով եւ 27 մլն 823 հազար 700 դրամ ստացել է կուսակցության անդամներից որպես անդամավճար: Նրանց դրամական միջոցներն ըստ հայտարարագրի կազմում են՝ 720 հազար 90 դրամ:

 

Դաշինքում ներառված«Վերածնվող Հայաստան» կուսակցությունն էլ հայտարարագրել է միայն վարձակալական հիմունքներով օգտագործվող հասարակական տարածք Գյումրի քաղաքում:

 

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը եւս ոչինչ չեն հայտարարագրել: