Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատողները՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատողները՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում

այաստանի խոշորագույն հարկատուներից մեկը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ փոխկապակցված տարբեր անձինք ակտիվորեն ներգրաված են ընտրական պրոցեսում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ հեղափոխական դաշնակցության ու «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից ձևավորված «Հայաստան» դաշինքի ցուցակում չորրորդը կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է։

 

Հակոբյանը, ըստ իր ներկայացրած կենսագրության, հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։ Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, ըստ հանքարդյունաբերող ընկերության իրական սեփականատերերի ռեեստրի, 2.5 տոկոս բաժնեմաս ունի պղնձամոլիբդենայինում։ Հակոբյանն այս բաժնեմասը տնօրինում է անուղղակի՝ «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ-ի միջոցով։ Այս ընկերության որոշ աշխատակիցներ ևս ընդգրկված են «Հայաստան» դաշինքի ցուցակում։

 

Դաշինքի 58-րդ համարը Էդուարդ Մսրլյանն է։ Նա ևս աշխատում է կոմբինատում։ Սյունիքի մարզպետարանի 2017-ի հաստիքացուցակից պարզ է դառնում, որ Մսրլյանը Վահե Հակոբյանի՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում եղել է նրա օգնականը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր փաստաթղթերում Մսրլյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ Զավարյան փողոցում և Կոմիտաս պողոտայում։ Պղնձամոլիբդենային կոմբինատից Մսրլյանի տարեկան աշխատավարձը կազմել է 11.5 միլիոն դրամ, իսկ դրամական միջոցները՝ 5.3 միլիոն դրամ և 1500 եվրո։

 

«Մաքուր երկաթի գործարանում» որպես իրավաբան է աշխատում և «Հայաստան» դաշինքի ցուցակում է ընդգրկված Միքայել Ներսիսյանը։ Վերջինս ցուցակի 127-րդ համարն է։ Ներսիսյանն առանձնատուն է հայտարարագրել Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքում, նաև ունի 5 հողամաս՝ Պրիվոլնոյե և Արմավիրի մարզի Արտամետ համայնքներում։ Աշխատավարձը «Մաքուր երկաթի գործարանում» 7.2 միլիոն դրամ է։ Ներսիսյանը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա՝ Porsche Cayenne և Nissan Tiida։