Տարածքներ հանձնելու մասին պնդումները կեղծ են. ի՞նչ է ենթադրում բանակցվող փաստաթուղթը

Տարածքներ հանձնելու մասին պնդումները կեղծ են. ի՞նչ է ենթադրում բանակցվող փաստաթուղթը

Նախօրեին համացանցում տարածում գտավ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին աշխատանքային փաստաթուղթը, ինչը որոշ անխոհեմ շրջանակների կողմից միտումնավոր կերպով հանրությանը ներկայացվեց որպես Ադրբեջանին գյուղեր, տարածքներ վերադարձնելու մասին համաձայնագիր.գրում է Արմենպրեսը:

Մինչդեռ իրականում համացանց արտահոսած փաստաթղթի նմուշը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատվեց որպես սեղանին դրված աշխատանքային փաստաթուղթ, ենթադրում էր միայն սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնագիր և ոչ ավելին։ Հրապարակված փաստաթուղթը հասանելի է բոլորին և բոլորը կարող են համոզվել, որ այն վերաբերում է միայն սահմանների ճշգրտման հարցով միջպետական հանձնաժողով ստեղծելու ժամկետներին և ընթացակարգին: Իբրև փաստաթղթից բխող տարածքների հանձնման մասին բոլոր պնդումները սուտ են։

Քննարկվող փաստաթղթի որևէ կետ չի ենթադրում ոչ տարածքային փոփոխություն, ոչ պետական սահմանի փոփոխություն և ոչ էլ սահմանազատման սկզբունքներ: Այն ենթադրում է միայն սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծում և դրա գործունեության ժամկետներ: Վարչապետի հավաստմամբ՝ փաստաթուղթը միակ և եզակի փաստաթուղթն է, որ գտնվում է աշխատանքային շրջանառության մեջ, այն չունի որևէ հավելված, գաղտնի բաժին կամ նման այլ բան, թեև որոշ քաղաքական շրջանակներ ակտիվորեն նման կեղծիք են տարածում:

Չնայած տարածվող կեղծիքին, թե նախատեսվում է տարածքներ հանձնել՝ ցանկացած ոք, ծանոթանալով եռակողմ հայտարարությանը կարող է համոզվել, որ այն չի պարունակում ինչ-որ գյուղեր փոխանցելու մասին կետեր և այլն: Նման կետերն աբսուրդային են և որևէ իշխանություն, անկախ նրանից, թե ով կլինի, չունի նման իրավասություն, քանզի ՀՀ սահմանադրության համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են միմիայն հանրաքվեների միջոցով: Շրջանառվող փաստաթղթում անկլավների ճակատագրի՝ դրանց վերադարձի կամ փոխանակման  մասին որևէ անդրադարձ բացակայում է։

Այն խոսակցությունները, թե դելիմիտացիայի ապա դեմարկացիայի գործընթացի արդյունքում Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի սահմանները, անլուրջ են, քանզի Ադրբեջանի հետ սահմանն արդեն իսկ ճանաչվել է դեռ 2010թ. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Բացի դա՝ 1991 թվականին ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ հռչակագրի ժամանակ բոլոր ստորագրող երկրները ընդունել են, որ ճանաչում են միմյանց սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը։ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից և այս ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումներում չեն կարող փոփոխություններ լինել:

Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը կարևոր է՝ երկարաժամկետ կտրվածքում սահմանային միջադեպերն իսպառ բացառելու և նոր սահմանային ճգնաժամերից խուսափելու համար:  Սահմանների ճշգրտումը բավական կարևոր է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար: Այն սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր քայլ է:

Ինչ վերաբերում է շրջանառվող փաստաթղթի ստորագրմանը, ապա հայկական կողմի դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Միայն դրանից հետո կարելի է դիտարկել սահմանների սահմանազատման հանձնաժողովի ձևավորման աշխատանքների հնարավորությունը: Հայկական կողմը չի ստորագրելու հրապարակված հայտարարությունը, քանի դեռ Ադրբեջանը հետ չի քաշել իր ուժերը: Սա սկզբունքային դիրքորոշում է Հայաստանի համար։