Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայ գերիներին նվիրված նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում դիմեց եվրոպացի գործընկերներին՝ հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ անվանել են շուն կամ խելագար։

«Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։ Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, ինչպես են քանդում ձեր եկեղեցիները, հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում», – ասել է Ռուբինյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: «Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է», – ընդգծեց Ռուբինյանը։