Վարչապետի կարևոր որոշումը

Վարչապետի կարևոր որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին որոշում է ստորագրել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով օտարերկրյա պատվիրակությունների՝ ՀՀ կատարելիք այցի և դրա հետ կապված միջոցառումների անցկացման մասին։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի' 2021 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով օտարերկրյա պատվիրակությունների՝ ՀՀ կատարելիք այցի և դրա հետ կապված միջոցառումների անցկացման կապակցությամբ'

1. ՀՀ արտաքին գործերի նախարարին և պետական արարողակարգի ծառայության պետին'

1) ապահովել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին կազմակերպել միջոցառումների անցկացման վայրերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները՝ համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին' ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառումների անցկացման վայրերում:

4. ՀՀ առողջապահության նախարարին՝ ապահովել միջոցառումների անցկացման վայրերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

5. ՀՀ պաշտպանության նախարարին' ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում' համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

6. ՀՀ ոստիկանության պետին' ապահովել միջոցառումների անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր' համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

7. ՀՀ պետական պահպանության ծառայության պետին' ապահովել միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

8. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների շրջանակներում ՀՀ ժամանող հատուկ չվերթների սպասարկումը, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների սրահներով' համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

9. ՀՀ ֆինանսների նախարարին' Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով օտարերկրյա պատվիրակությունների՝ ՀՀ կատարելիք այցի և դրա հետ կապված միջոցառումների, այդ թվում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ կայանալիք «Վտանգված արժեքներ» ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման, արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին' համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»: