ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանական վեհաժողովում ևս մեկ անգամ բարձրացրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ շեշտելով, որ նրանց կյանքը վտանգի տակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր ելույթում շեշտեց.
«Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է՝ կանխելու Երկրորդ համաշխարհային պատերազմի նման ցանկացած այլ աղետ, այս կազմակերպությունը ստեղծվել է՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության դիտորդ 'օրենքի գերակայության ապահովման և ժողովրդավարության սկզբունքները հարգելու համար: Այս կազմակերպությունը ստեղծվել է այն բանի համար, որ այլևս երբեք չլինեն Հոլոքոստի կրկնություն, մարդկության դեմ կատարված հանցագործություններ և այլ անօրինություններ»:
Նա հիշեցրեց, որ իր ադրբեջանցի կոլեգան նշել է, թե իբր իրենք պատերազմ են սկսել, քանի որ խաղաղություն են ուզում:
«Ավելի քան 200 հայ ռազմագերի ադրբեջանական բանտարկության տակ է, մենք հիմնավոր պատճառներ ունենք՝ հավատալու, որ իրենց կյանքը վտանգի տակ է, նրանք կարող են խոշտանգումների ենթարկվել: Սա քաղաքական հարց չէ, սա մարդու իրավունքների, ժողովրդավարության հարց է, և նրանց իրավունքները պետք է հարգվեն»,-շեշտեց Վարդանյանը:
Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: