Ջհանգիրյանը Վարդազարյանի սենյակ չի ներխուժել. երեկվանից կեղծ լուրեր են տարածում. ԲԴԽ հայտարարությունը

Ջհանգիրյանը Վարդազարյանի սենյակ չի ներխուժել. երեկվանից կեղծ լուրեր են տարածում. ԲԴԽ հայտարարությունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ չի ներխուժել, դուռը կապարազերծվել է ԲԴԽ անդամների կողմից:

Այս մասին պարզաբանում է տարածել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ նշելով, որ նպատակահարմար են գտել հակիրճ անդրադառնալ նախորդ օրը զանգվածային լրատվության որոշ միջոցների, մասնավորապես՝ դրանցից մեկի հրապարակած մի քանի կեղծ լուրի:

Ըստ ԲԴԽ հաղորդագրության՝ «Միջադեպ ԲԴԽ-ում. Ջհանգիրյանը ստացավ Վարդազարյանի մեքենան, իսկ աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է» և «Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ» վերտառություններով հրապարակումներն աղերս չունեն իրականության հետ:

«Առաջին հրապարակումը հենց նույն օրը հերքվել է, սակայն դա չի զսպել լրատվամիջոցի համառ ջանքերը շարունակել ընթերցողներին թյուրիմացության մեջ գցել:

Հրապարակված երկրորդ տեղեկատվությունը նույնպես հորինված է, այն պարզ պատճառով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել և գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից և Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, և ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել և գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը:

Ավելին՝ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը և աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն... Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,-ասված է հերքման տեքստում:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանն անցնում է քրեական գործերից մեկով, նրան մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրությունը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: