Նախընտրական ցուցա՞կ, թե՞ «էլիտար» մեղադրյալներ

Նախընտրական ցուցա՞կ, թե՞ «էլիտար» մեղադրյալներ

Politcom.am-ը գրում է.

 

Ազգային ժողովը 24-ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Սա նշանակում է, որ ընտրական համակարգից հանվում են տարածքային, այսպես կոչված ռեյտինգային ցուցակները և մնում են միայն պարզ համամասնական ցուցակները, երբ քաղաքացին ընտրում է միայն կուսակցություններին։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, իսկ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներն ընդհանրապես չէին ներկայացել նիստին։
Այսպիսով իշխող ուժի երկու պատգամավորների և որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանի և Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը ստացավ 82 կողմ ձայն։
Խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, մեղմ ասած, տարակուսելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս կուսակցությունները տարբեր առիթներով կողմ են արտահայտվել համամասնական ընտրակարգին։ Մեծ հաշվով՝ ռեյտինգային ընտրակարգը հարազատ է հին համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող ուժերին, որոնք ընտրական գործընթացի ժամանակ օգտվել են տարբեր տրամաչափի կրիմինալի, հեղինակությունների աջակցությունից։ Այս իմաստով՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն լուրջ խորհելու առիթ ունեն։
Ի դեպ, խորհրդարանական ընդդիմության վարկանիշը, մեղմ ասած, բարձր չէ․ տարբեր սոցիոլոգիական հարցումներով նրանք ոչ միայն էապես զիջում են իր վարկանիշի կեսը կորցրած կառավարող կուսակցությանը, այլ նաև՝ այսպես ասած, նոր բևեռին, որը ղեկավարելու հայտ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը։
Իհարկե, նույն հարցումները և հանրային կարծիքի անգամ լատենտ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Քոչարյանի բևեռը լեգալ ճանապարհով՝ օրինական ընտրությունների միջոցով, իշխանություն ձևավորելու որևէ շանս չունի։
Նախկին համակարգի հետ ասոցացվող ԶԼՄ-ներն ակտիվորեն տիրաժավորում են Քոչարյանի նախընտրական ցուցակի, այսպես ասած, էլիտար բնույթը։
Օրինակ, թերթերից մեկը երեկ գրել էր «Ռալֆ Յիրիկյանի անունն է շրջանառվում, ԱԱԾ նախկին տնօրեններից մեկի։ Մամուլը գրեց նաև Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի մասին։ Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կլինի, Ռ․ Քոչարյանի՝ նախագահ աշխատած շրջանի ռեֆերենտներից մեկը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ»։
Յիրիկյանն իր մասնակցության լուրն արդեն հերքել է, ինչ վերաբերում է Օհանյանին, Խաչատուրովին կամ Գևորգյանին, ապա նրանք հանրային գիտակցության մեջ ավելի շատ նույնանում են ոչ թե քաղաքականության, այլ քրեական հայտնի գործի ու Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների հետ։
Ստացվում է՝ Քոչարյանը յուրօրինակ լյուստրացիա է իրականացնում՝ հանրագումարի բերելով «էլիտար» մեղադրյալների, որոնք մարմնավորում են Հայաստանի քրեաօլիգարխիկ անցյալը։