«Ժողովուրդ». Ինչու ընդդիմությանը չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի օրինակով ապակենտրոն պայքար սկսել

«Ժողովուրդ». Ինչու ընդդիմությանը չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի օրինակով ապակենտրոն պայքար սկսել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 20-ին ի վերջո կայացավ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հրավիրված հուժկու հանրահավաքը, որի ձեւն ու բովանդակությունը տեւական ժամանակ թեժ քննարկվում էր: Ընդդիմությունը պնդում է, որ հանրահավաքին մասնակցել է 40 հազար մարդ, իսկ իշխանությունն էլ դժկամորեն պնդում է՝ 12 հազար, եւ եւս 800 անձ ծածկերի տակ են եղել: Ամեն դեպքում, նույնիսկ վատ եղանակի պայմաններում, ցրտին եթե անգամ 12 հազար անձ է մասնակցել հանրահավաքին, ապա դա արդեն ազդակ է, ուրեմն պահանջ կա, ու այն որեւէ կերպ պետք է լսելի դառնա:

 

Հիմա անդրադառնանք այն խնդրին, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում լայն զանգվածների կոնսոլիդացնել պայքարի իշխանությունների դեմ, եւ ինչու չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի օրինակով ապակենտրոն պայքար սկսել ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Բանն այն է, որ այսօրվա ընդդիմությունը կրկնում է 20-25 տարի բոլոր ընդդիմադիրների թույլ տված սխալները. նրանք հրավիրում են հանրահավաքներ, խոսում են կիրթ բառապաշարով , որը, բնականաբար, հասու չէ բոլոր քաղաքացիներին, որովհետեւ Հայաստանում, օրինակ, 2018/19 թվականներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել է 9 512, սովորել' 69 622, ավարտել' 15 540 մարդ: 2019/2020 ուստարվա ժամանակ ավարտել է 15 846 մարդ, ուսանողների ընդհանուր քանակն էլ եղել է 65 հազար 547-ը, իսկ, ահա, ընդունվել է արդեն 14 հազար 631-ը: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 2 մլն 959 հազար մարդ:

Այսինքն՝ կրթական այս միջավայրի պայմաններում միտինգային լոզունգներով անհնարին է հասնել հաջողությունների: Իսկ ո՞րն էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հաջողությունը. Փաշինյանը գնաց, քայլեց ու այդ ընթացքում բակ-բակ, տուն-տուն հասցրեց իր մեսիջները, որոնք մարդկանց համար հոգեհարազատ էին, ու իրենք այդ վճռականությունն արդեն տեսան Ռադիոտան դուռը կոտրելուց, ոստիկանության հետ համառ պայքարուց եւ այլն։ Իսկ այս ընդդիմությունը վերեւից է խոսում ժողովրդի հետ, ոչ թե հավասարը հավասարի պես, ինչի համար էլ հաջողության չեն հասնում:

 

Երբ իրենք կփոխեն իրենց մարտավարությունը, աշխատելաոճը, հայտարարությունները, կասեն, որ նախ իրենք են սխալվել, ներողություն կխնդրեն, ամեն մարդ էլ սխալվելու իրավունք ունի։ Հիմա հանրությանը մեղադրելով՝ իրենք հաջողության չեն կարողանալու հասնել:

Հետեւաբար հարց է առաջանում՝ մի՞թե հանրությունը չի հասկանում, որ մենք մեր հայրենիքն ենք կորցրել, հիմա քաղաքականապես ուրիշ իրավիճակ է, նախկինի ու ներկայի թեմա է՛լ չկա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում