Լրագրողների այն շեշտադրմանը, որ իրավապաշտպանների շրջանում կան մտահոգություններ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առաջադրման հետ կապված, քանի որ իր պաշտոնավարման տարիներին աղմկահարույց հանցագործություններ են կոծկվել, անմեղ մարդիկ են դատվել, Ջհանգիրյանը պատասխանեց․
«Հիմա 2 տարի քննչական դեպարտամենտում քննվում է Մատաղիսի գործը, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան և ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում և չեն առաջադրել նաև նախորդ իշխանությունները, որ ես էտտեղ հանցագործություն եմ կատարել»։
Այն նկատառմանը, որ նախկին և ներկա իշխանությունները մեղադրանք չեն առաջադրել, քանի որ Ջհանգիրյանը լոյալ է եղել իշխանությունների նկատմամբ, Գագիկ Ջհանգիրյանը հակադարձեց․
«2008 թվականին ինձ մեղադրել էին ոստիկանին հրելու համար։ Բա թող գտնեին մի լուրջ մեղադրանք՝ պաշտոնական դիրքի չարաշահում, սպանությունների կոծկում և ինձ լուրջ մեղադրանքով դատեին երկարաժամկետ ազատազրկման»։
Ջհանգիրյանի խոսքով՝ երբ Մատաղիսի գործով դատապարտյալները ազատվել են կալանքից և բաց են թողնվել, ինքն արդեն պաշտոնավարել է Դատախազությունում, և Զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։
«Լրացուցիչ նախաքննության արդյունքներով նոր Զինվորական դատախազը նույն մեղադրյալներին, դատապարտյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացություն նույն հոդվածներով և ուղարկել է Դատարան։ Դատարանում, գործը քննելիս, Դատախազն արդեն եղել է Կոստանյան Գևորգը, ով գործը տարել է մինչև վերջ»,- մանրամասնեց իրավաբան — գիտնականը։
Ջհանգիրյանը այսօր էլ պնդեց, որ իր կարծիքը չի փոխվել, ինքը չէր կարող մեղադրել անմեղ մարդկանց։ Իսկ ԲԴԽ-ում պատկերացնում է իր աշխատանքը շատ լավ, բոլորը իր ուսանողներն են, ընկերներն են, ինքը վնգստացող դատավորների չի ճանաչում։