Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ

Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորվել է՝ առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լավրովն այս մասին ասել է RT-ի թղթակից հետ զրուցում՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ:

«Նախ, ես չեմ կարծում, որ այն (Ղարաբաղի հարցը) լուծվեց առանց Միացյալ Նահանգների մասնակցության, քանի որ, իհարկե, երեք համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին նախորդող վերջին ամսվա ընթացքում բազմիցս ներկայացվել է ինչպես նախագահների, այնպես էլ նախարարների և համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով,  եղել է հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման և հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի մշակման, և քաղաքական առումով, հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ չնայած այն ժամանակ կոչերը չունեին նյութական տեսք, կարևոր քաղաքական դեր են խաղացել պայմաններ ստեղծելու համար, որպեսզի ՌԴ նախագահի ջանքերի շնորհիվ կողմերն ի վերջո համաձայնության հասնեն:

«Մի իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին էր, որոնցից յուրաքանչյուրն իր գինն ուներ՝ մարդկային կյանքերի տեսքով, զանգահարե՞լ Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվե՞լ այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք կսատարեն որոշակի ձևակերպումներ ... »,-նշել է Լավրովն ու կարծիք հայտնել, որ այդպիսի պնդումներ  առաջ քաշելը պարզապես սխալ և ոչ էթիկական է: