Ռոհանին տարածաշրջանի համար վտանգավոր է համարել ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը

Ռոհանին տարածաշրջանի համար վտանգավոր է համարել ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը

Իրանի նախագահի պաշտոնական կայքը Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն Իրանին շատ են անհանգստացրել:

«Այս բախումներին երրորդ երկրների հնարավոր միջամտությունը ճգնաժամի ընդլայնման և երկարաձգման պատճառ է դառնալու։ Դա տարածաշրջանի երկրների օգտին չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Իրանի նախագահը։

Ռոհանին, շեշտելով Իրանի սահմանների և սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը, նշել է․ «Տարածաշրջանի խաղաղությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի»։ Իրանի նախագահը, անհանգստություն հայտնելով մարտերում որոշ ահաբեկչական խմբավորումների ներկայության և մասնակցության կապակցությամբ, ընդգծել է․ «Ահաբեկիչների ներկայությունը և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի, և՛ ամբողջ տարածաշրջանի համար կարող է վտանգավոր լինել»։

Ռոհանին, շեշտելով բախումների դադարեցման, հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու հարցում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, հավելել է․ «Բախումների շարունակման պարագայում տարածաշրջանում իրավիճակն ավելի է բարդանալու և մարդկային ու նյութական վնասների պատճառ է դառնալու»։

Իրանի նախագահը նաև բարձր է գնահատել հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու հարցում Ռուսաստանի ջանքերը և կարևորելով հրադադարի պահպանումը՝ նշել, որ Թեհրանը պատրաստ է այդ հարցում համագործակցել և ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել։

Իր հերթին Վ․ Պուտինն ընդգծել է, որ ըմբռնում է ճգնաժամի առնչությամբ Իրանի մտահոգությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ հարցում Թեհրանի դիրքորոշումը շատ կարևոր է, և ողջունում է խնդրի կարգավորման համար Իրանի հետ խորհրդակցությունների շարունակումը։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: