Մոսկվայում շուտով կիմանան, թե իրենց սիրելի «Գազպրոմի» ներկայացուցիչները Հայաստանում ինչ թալան են կազմակերպել

Մոսկվայում շուտով կիմանան, թե իրենց սիրելի «Գազպրոմի» ներկայացուցիչները Հայաստանում ինչ թալան են կազմակերպել

Lragir.am-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի առաջարկը, նշելով, որ միասնական սակագին հնարավոր է միասնական բյուջե և հարկային համակարգ ունենալու դեպքում միայն։ Ինչպե՞ս եք գնահատում ռուսկան կողմի այս պայմանը։

Պատասխանի մեջ ես տեսնում եմ մի ուրիշ խնդիր՝ Ռուսաստանում էլ չգիտեն, թե ինչպես պետք է վարվեն։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այդպիսի խնդիր կա Հայաստանի ու Բելառուսի համար։ Եվ այդ խնդրի լուծման ոչ հաջող տարբերակ են առաջարկում։ Նրանք շատ լավ գիտեն, որ ԵԱՏՄ շրջանակներում միասնական տնտեսական քաղաքականություն իրականացնելու ցանկությունը դեռևս ցանկություն է, իրականություն դառնալն ապագայի խնդիր է։ Եվ դա ոչ թե տեղի է ունենում այն պատճառով, որ երկրները չեն ցանականում, այլ որ տարբեր երկրներ են՝ տարբեր տնտեսական հանրավորություններով ու հզորություններով։ Եվ նախ և առաջ երկրների տնտեսական հզորությունները պետք էր մոտեցնել իրար, որպեսզի միասնական տնտեսական քաղաքականությունն իր արդյունքը տար։

Այս պատասխանի մեջ ես ավելի շատ տեսնում եմ, որ խնդիրների լուծման ճանապարհներ չունեն։ Այս պայմաններում արդեն նմանատիպ հարցի լուծումը պետք է կարգավորվի երկկողմանի հարաբերությունների կամ բանակցությունների արդյունքում։ Հիմա, երբ դրան ենք անդրադառնում, մենք լրիվ այլ խնդիրներ ունենք՝ սկսած նրանից, որ մենք շրջափակված ենք որպես երկիր, դեպի ծով ելք չունենք։ Թեպետ Բելառուսն էլ դեպի ծով ելք չունի, բայց ունի հարևաններ՝ ի դեմս Եվրամիության ու Ուկրաինայի։ Մենք ունենք մի կողմից հարևան Իրան, մյուս կողմից՝ Վրաստան։ Մի կողմից ունենք Իրան, որն ունի նավթի և գազի ահռելի ռեսուրսներ, բայց նախկին իշխանության ղեկավարների թեթև ձեռքով մենք զրկվեցինք այդ այլընտրանքից։ Իսկ Վրաստանը մեզ նման ռեսուրսներից զուրկ երկիր է, մեզ համար ապահովում է տարանցիկ ճանապարհ։ Եթե այս ամենի արդյունքում Բելառուսն ստանա բացասական պատասխան, կարող է շատ սիրուն մանևրել, և կստանա այն, ինչ այսօր ստանում են Արևելյան Եվրոպայի երկրները կամ ընդհանրապես եվրոպական երկրները։

5

STOPPED

Մեր դեպքում մի կարևոր հանգամանք էլ կա՝ նախկին իշխանությունների գործողությունների հետևանքով մեր ամբողջ համակարգը ռուսական կողմին է տրվել։ Բելառուսի դեպքում իրենք դրան չեն համաձայնել։ Մեր դեպքում, քանի որ գազի ամբողջ համակարգը ռուսական սեփականություն է, հարցադրումը սա պետք է լինի՝ Պուտինին մեկ անգամ ևս պետք է հիշեցնել, որ ՀՀ գազի համակարգը ռուսական է։ Եվ մենք՝ որպես սպառողներ, ռուսական համակարգի սպառողներ ենք։ Տարբերությունն իրենք պետք է զգան ու հասկանան։ Եվ այս պայմաններում մենք բանակցությունների նոր հնարավորություններ ունենք։

Եվ եթե նորից անդրադառնանք հարցի սկզբին՝ այդ հարցը օրակարգում կա, ամրագրված է ԵԱՏՄ պաշտոնական փաստաթղթերում՝ ստորագրման պահից։ Այսինքն՝ ի՞նչ կա՝ միասնական տնտեսական քաղաքականության մի քանի չափանիշներ, որոնք ընդունված են նաև միջազգային տարբեր կառույցների կողմից, այդ թվում՝ նույն Եվրամիության։ Նրանցից մեկն այն է, որ բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը։ Այսինքն՝ մենք այդ պայմանավորվածությունների տակ ենք, բայց Ռուսաստանն ինքը խախտում է դա և խախտել է։ Հիմա մենք վեր կենանք ասենք՝ Ռուսաստան, դու Եվրասիական տնտեսական միության կանոնները խախտե՞լ ես։ Մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ հայտնվել ենք ճգնաժամի մեջ, կորոնավիրուսի ազդեցությունը բոլոր երկրների վրա խիստ բացասական է։

Հիմա այս պայմաններում նույն ԵԱՏՄ երկրները պե՞տք է ակնկալեին մեղմացում այն ամենի հետ կապված, ինչ հնարավոր է։ Այդպիսի մի քանի քայլ, իհարկե, արվել է, բայց պետք է հաշվի առնել, որ գազը կարևոր գործոններից է։ Հատկապես պետք է հաշվի առնել այն, որ դարձյալ մեր նախկին ապաշնորհ իշխանությունների գործողությունների հետևանքով զրկված ենք այլընտրանքի հնարավորությունից՝ հանուն «Գազպրոմի»։ Հիմա մենք ո՞նց անենք, կարող է դուք մի օր էլ գաք ասեք՝ գիտե՞ք ինչ կա, մենք վատ վիճակում ենք, ուզում ենք գազը դարձնել 500 դոլար։ Դարձրեք, այդ դեպքում մենք էլ կարող ենք ասել՝ գիտեք ինչ կա, քանի որ մենք դա չենք կարողանում սպառել, գնում ենք Իրանից գազ առնենք։ Իրավունք ունե՞նք, ունենք, ֆորս մաժորային իրավիճակ է, երկրի տնտեսությունը կանգնած է, մարդկանց եկամուտները պակասել են, և որևէ ձևով միությունն ադեկվատ չի աջակցում այն խնդիրներին, որոնք կան։

Երբ ՀՀ-ին հրավիրում էին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու, գիտեին, որ երկիրը, ի տարբերություն այնտեղ գտնվող շատ երկրների, իր տնտեսական մակարդակով շատ է զիջում՝ հզորություններ, մարդկային ռեսուրսներ։ Հիմա եկել է այն վիճակը, որ թույլին պետք է օգնես, թե՞ թույլին մի հատ էլ ենք հարվածում։ Եվ այստեղ արդեն ուրիշ եզրակացություն կարող ենք անել՝ նպատակն օգնելը չէ, նպատակը երկրի տնտեսական հզորությունը մեծացնելը չէ, նպատակը քաղաքական ճնշումն է։ Այս պայմաններում արդեն որևէ խնդիր չկա, ես լուծումներ ունեմ արդեն կառավարության քայլերի առումով, հիմա չեմ մանրամասնի։ Անելանելի վիճակներ չեն լինում։ 1990-ականների պատերազմի ժամանակ էլ էինք մենք հայտնվել շատերի համար անելանելի վիճակում, բայց լուծումներ գտնվեցին։ Խելացի քայլեր անելու հնարավորություններ միշտ էլ կան։ Այս իրավիճակում մեկ քայլի մասին արդեն խոսեցի, հիմա նորից զարգացնեմ միտքը՝ պետք է սկսենք մտածել երրորդ երկրներից գազ գնելու մասին։ Տվյալ դեպքում պետք էլ չէ շատ հեռու գնալ, հարևան երկիր ունենք, որի հետ արդեն ունենք գազատար։

Այսինքն՝ Հայաստանի կառավարությունն արդեն կարող է դիտարկել ու քննարկե՞լ  այդ տարբերակը։

Ես կարծում եմ՝ կառավարությունը պարտավոր է այդ հարցը քննարկման առարկա դարձնել։ Երկրորդը ներքին ռեսուրսն է. տարիներ շարունակ «Գազպրոմ Արմենիա» կոչեցյալը մեր գրպաններից գումարներ է տարել՝ առանց հիմնավորելու։ Համակարգն ամբողջովին մենաշնորհային է, ոչ ոք չի կարող այդտեղ մտնել։ Այսինքն՝ խնդիրներ կան, որոնք վաղուց պետք էր բարձրացնել։ Խոսքս ուղղված չէ գործող կառավարությանը, խնդիրները վաղուց պետք է բարձրացվեին, բայց քանի որ նախկին կառավարությունը կարիք ուներ «քաղաքական աջակցության», լռել է։ Բայց ես չեմ կարծում, որ այդ «քաղաքական աջակցությունը» ՀՀ շահերից է բխել, ոչ, դա եղել է հենց ՀՀ շահերի դեմ։ Իսկ հիմա ունենք կառավարություն, որը ՀՀ քաղաքացիներին է ներկայացնում, երկրի շահերից է ելնում, և նրանց Ռուսաստանից ասում են՝ գիտե՞ք ինչ կա, մենք որոշել ենք ձեզ այսպես պատժել։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում բարձր մակարդակի քննարկման ժամանակ, դա ինֆորմացիայի պակասի հետևանք է։ Եվ մենք հաջորդ քայլով պետք է ամբողջությամբ բացենք իրական պատմությունը։ Ես պատրաստ եմ այդ աշխատանքը կատարել, եթե, իհարկե, արդեն չեմ կատարել։ Կավարտեմ, առիթ կունենամ առաջիկայում ներկայացնել։ Ամբողջը պետք է բացել, բացահայտ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ թվում՝ սա պետք է անել հենց ռուս գործընկերների համար նաև, որպեսզի իրենք լսեն, իմանան, թե իրենց սիրելի «Գազպրոմի» ներկայացուցիչները Հայաստանում ինչ թալան են կազմակերպել։

Ես կարող եմ տնտեսական վերալուծություն ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, և գնահատականների առումով կարելի է սպասել և մասնագիտական գնահատանների, և համապատասխան մարմինների գործողություններին։ Բայց ես շատ կուզեի, որ այս քննարկումներին հնարավորություն ունենա մասնակցել նաև ռուսական կողմը, որովհետև իրենք շատ խանդոտ են ընդունում, երբ մենք որևէ ռուսական ընկերության սկսում ենք քննադատել կամ նրա թերությունները ներկայացնել։

Փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ից լրացուցիչ 30-50  մլն դոլար տարեկան տանելը «Գազպրոմի» մեծ երազանքն է։ Այսինքն՝ իրենք ցանկություն ունենք այդ 30-50 մլն դոլարով  մեզ առնել։ Եթե մենք այդ 30-50 մլն դոլարի համար գնանք ու ծնկաչոք իրենց խնդրենք, ամեն ինչ կներվի։ Բայց ես միշտ ասել եմ՝ երբևէ ՀՀ կառավարությունը, ղեկավարը իր մտքից պետք է հանի, որ ընդհանրապես մեր պետականության մի մաս պետք է փոխի ինչ-որ գումարով։ Առավել ևս, եթե դա 30-50 մլն է։ Մենք այդ գումարը կարող ենք այլ ճանապարհներով գտնել, իհարկե, այս կորոնավիրուսը խանգարում է։ Այդ գումարը հիմա մեզ պետք է սոցիալական խնդիրներ լուծելու համար։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: