Հետախուզությունն աշխատել է, պնդում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է դավաճանության հանգամանք

Հետախուզությունն աշխատել է, պնդում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է դավաճանության հանգամանք

banner770

 

1in.am-ը գրում է․

 

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին մայիսի 18-ին երկրորդ անգամ պատասխանեց վարչապետի խորհրդական, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրան նորից հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն է առաջացել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի տված պատասխաններից հետո։

 

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որը, հիշեցնենք, նաև հրապարակել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի ներթափանցման հայտնի տեսանյութը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին տված բացատրությունները նոր հարցեր են առաջացրել, դրա մասին հրապարակավ հայտարարեցին նաև հանձնաժողովի նախագահն ու այլ անդամներ։ Ենթադրում եմ, որ Արշակ Կարապետյանի դեպքում առաջացել է լրացուցիչ հարցերի խնդիր։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ ուղղությամբ է գնում քննությունը, երբ զեկույցը հրապարակվի, հստակ պատկերացում կունենանք։ Բայց մենք հիշում ենք, որ Արշակ Կարապետյանի պատասխանատվության տիրույթում հետախուզության հետ կապված հարցերն են, ուստի նրան ուղղված հարցերը կարող են կապված լինել մինչև ապրիլի 2-ը, դրանից առաջ և հետո ընկած իրավիճակի հետ։ Պետք է հասկանալ՝ զինվորական ու քաղաքական պաշտոնյաների տեղեկությունները որքանով են ադեկվատ այն իրավիճակին, որոնք տեղի են ունենում այդ օրերին»։

Մեր զրուցակիցը չի կիսում այն մոտեցումները, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հետախուզությունը չի աշխատել. «Այդ պնդումը չի կարող իրականությանը համապատասխանել, բայց հետախուզության հնարավորությունների ու կարողությունների շրջանակն, իհարկե, լուրջ խնդիր է։

 

Հայաստանի ԶՈՒ-երի համար հետախուզությունն ունի ռազմավարական նշանակություն, որովհետև մենք գործ ունենք մեզանից քանակով ավելի մեծ ԶՈՒ-երով հակառակորդի հետ, ու հետախուզությունը, եթե լավ է աշխատում՝ հավասարեցնում է ուժերը։ Այդ առումով, իհարկե, կա խնդիր՝ հասկանալու, թե մեր ռազմական հետախուզությունը որքանով է ունակ ու կարող հսկել իրավիճակը տարածաշրջանում, հետևել հակառակորդի գործողություններին ու նախապես բացահայտել նրա մտադրությունները։ Ենթադրում եմ, որ այնպիսի գործողություն, ինչպիսին Ապրիլյան պատերազմն է, անհնար է այսօրվա ժամանակակից պայմաններում թաքցնել, բայց, հավանաբար, մեր հետախուզությունը որոշակի չափով պետք է այդ գործողությունները կանխատեսեր ու դրա վերաբերյալ տվյալներ ներկայացներ։ Մանավանդ որ երկու շաբաթ առաջ ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել էր բավականին խոր թիկունք ու Ասկերանի շրջանում ոչնչացրել էր հակաօդային հրթիռային կայան։ Այսինքն՝ դիվերսիոն ակտիվությունն ու այդ իրադարձությունը պետք է, որ այդ օրերին բոլոր զինված կառույցներին պահեր լարված իրավիճակում»։

 

Ինչ վերաբերում է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնաժողով հրավիրելու հանգամանքին, Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Կարևոր հարց է ՀՀ իշխանությունների ադեկվատ վարքագիծն այդ օրերին։ Արցախը ենթարկվել է ագրեսիայի, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է,արտգործնախարարության տիրույթում գտնվող ո՞ր գործողություններն էին վկայում, որ Հայաստանը բոլոր դիվանագիտական գործիքները օգտագործել է Ադրբեջանին իր ագրեսիվ գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու համար։ Չէ՞ որ փաստ է, որ Ադրբեջանը մնաց անպատիժ, Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմ սանձազերծեց, խախտեց հրադադարը, ինչի պատճառով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, հրադադարի գիծը փոփոխվեց, ու որևէ պատասխանատվության Ադրբեջանի ղեկավարությունը չենթարկվեց։ Ոչ մի միջազգային կառույց նույնիսկ այդ հարցը չի քննարկել։ Խոսքը ոչ միայն այն մասին է, որ պատասխանատվության չի ենթարկվել, որովհետև միջազգային հանրությունն այդպիսի դիրքորոշում ունի, որ Ադրբեջանը ճիշտ է արել, որ հարձակվել է Արցախի վրա, այլ որևէ միջազգային ատյանում նման հարց չի մտել օրակարգ։ Այսինքն՝ միջազգային հարաբերությունների տեսակետից Ապրիլյան պատերազմ չի եղել, այդպիսի պատերազմ մոլորակի վրա չի եղել։ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի օրակարգում դուք Ապրիլյան պատերազմին վերաբերող հարց չեք հանդիպի, նման հարց չի քննարկվել»։

 

Ուստի, ըստ մեր զրուցակից, Էդուարդ Նալբանդյանը պետք է պատասխանի՝ ինչու է դա այդպես. «Ինչու Հայաստանը որևէ միջազգային կառույցի օրակարգում այդ հարցը չի ընդգրկել։ Չի՞ եղել Ապրիլյան պատերազմ, պարզ է, որ եղել է, բա ինչո՞ւ է այդ վիճակը։ Այդ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ պետք է տա Էդուարդ Նալբանդյանը, և ենթադրում եմ՝ Սերժ Սարգսյանը։ Նախագահի պարտականությունները՝ ըստ Սահմանադրության, հենց դա է՝ ներկայացնել հայ ժողովրդի շահերը միջազգային ատյաններում, և նա ուներ լրջագույն ու անսահմանափակ լիազորություններ։

 

Սերժ Սարգսյանը, որն ապօրինի այդ պաշտոնը զբաղեցրել էր, այնուամենայնիվ, ուներ պարտականություն, ու եթե նա այդ պարտավորությունները չի կատարել, առաջանում է հարց՝ արդյոք առկա՞ են դավաճանության hատկանիշ պարունակող գործողություններ, կա՞ հանցակազմ, թե՞ ոչ։ Ես և իմ ընկերները պնդում ենք, որ այդպիսի հանցակազմ կա, այդպիսի անգործություն նա դրսևորել է ու անձամբ իր պատասխանատվությունն է, որ Իլհամ Ալիևը փրկվել է ագրեսիվ պատերազմ վարելու պատասխանատվությունից»։