Իրավիճակը լուրջ է. ոստիկանությունն ու պարետատունն անցնում են խիստ ռեժիմի

Իրավիճակը լուրջ է. ոստիկանությունն ու պարետատունն անցնում են խիստ ռեժիմի

banner770

«Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել, և պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումներին»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսի առկայության առաջին օրվանից ՀՀ կառավարությունը հանրությանը ոչ ստույգ տեղեկատվություն չի հաղորդել: «Եվ ի վերջո մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որևէ մանիպուլյատիվ գործողություն և տեղեկություն չի փոխանցել հանրությանը», ասաց նա:

 

Նա նշեց, որ կառավարության մարտավարությունն այս փուլում հետևյալն է՝ պետք է կարողանալ ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու:

 

«Այսինքն՝ ըստ էության մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի: Գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների պարտադիր օգտագործման պայման է ապահովել, և մենք այս համատեքստում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետև քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում է  արվում՝ եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչո՞ւ կառավարությունում քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում: Կարծում եմ՝ շատ արդարացի և ճիշտ դիտարկում է, և մենք պետք է կարողանանք ապահովել, որ պետական կառավարման մարմիններում մարդիկ առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ պարետատունն անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի: Ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության:

 

«Ես երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ չեն պահում կանոնները՝ ոչ հաճախորդները, ոչ էլ վարորդները: Պարետատունը սահմանել է կանոններ իրավաբանական անձանց համար, թե ինչ հակահամաճարակային կանոններ պետք է պահպանել: Հաջորդ խնդիրը, մեր տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն այդ կանոնները չպահպանող ընկերությունների նկատմամբ: Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, իրար հետ խոսելիս պետք է առաջնորդվել դիմակ կրելով կամ սոցիալական հեռավորությունը պահելով»,- ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց նաև փչացած հեռախոսի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին: «Կորոնավիրուսի մասին ՀՀ կառավարության տված բոլոր տեղեկությունները՝ առանց բացառության, օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են, դրանք կախված են վիրուսի մասին նոր իմացության, նոր պրակտիկայի ձեռքբերման հետ: Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է, աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, որ ինքը 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, և այդպիսով նախկին արձանագրած գիտելիքի անհրաժեշտություն չկա: Եկեք արձանագրենք այս լրջությունը: Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա՝ դա անհատական պատասխանատվությունն է: Սրանից ավելի էֆեկտիվ միջոց չի կարող լինել: Եվ մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության շրջանակներում: Ես խնդրում եմ՝ մենք բոլորս մաքիսմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում՝ նոր ցնցումների առաջ կկանգնենք»,- ասաց նա: