«Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները

«Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները

«Առաջին լրատվական»-ը գրում է.

 

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աբրահամ Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:

1986 թվականին ծնված Աբրահամ Ա.-ն մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Աբրահամ Ա.-ն կալանքի տակ է 2017 թվականի փետրվարի 13-ից:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի փետրվարի 12-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Սամվել Ս.-ն ու նրա ընկեր Կամոն հանդիպել, զրուցել են, որի ընթացքում Սամվելը հայտնել է, թե իր ծանոթ Համլետը իրեն 6 հազար դրամ է պարտք, ու խնդրել է միասին գնալ Երևանի Վարդաշեն թաղամաս՝ գումարը վերցնելու:

Հեռախոսազրույցի ընթացքում պարզել են, որ Համլետը գտնվում է իր ծանոթ Աբրահամի տանը և Կամոյի վարած մեքենայով ուղևորվել են Վարդաշեն:

Աբրահամ Ա.-ի տանը այդ ժամանակ բացի Համլետ Մ.-ից, գտնվել է նաև նրանց ծանոթ Խաչիկը և քննությամբ ինքնությունը չպարզված ևս երկու անձ:

Մտնելով Աբրահամի տուն՝ Սամվելը, ըստ մեղադրանքի, Համլետից պահանջել է վերադարձնել 6 հազար դրամը: Համլետը պատասխանել է, որ տվյալ պահին գումար չունի, չի կարող պարտքը փակել:

Ըստ մեղադրանքի՝ Համլետի ու Սամվելի միջև պարտքը վերադարձնելու շուրջ վիճաբանություն է առաջացել, նրանք հայհոյել, քաշքշել են միմյանց:

Տանտերը՝ Աբրահամը, վրդովվել, պահանջել է չհայհոյել ու իր տանից դուրս գալ:

Կամոն դուրս է եկել, քիչ անց դուրս է եկել նաև Սամվելը, նրանք վազելով փորձել են հեռանալ:

Ըստ մեղադրանքի՝ Աբրահամ Ա.-ն տանից վերցրել է խոհանոցային դանակը, հետապնդել է փախչողներին: Նա հասել է Սամվել Ս.-ին ու ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, դանակով հարվածել է նրա ազդրին ու ձախ հետույքային շրջանին, ապա դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին: Տուժողին պատճառվել են աջ ծնկափոսի երակի, զարկերակի, մակերեսային և խորանիստ մկանների փափուկ հյուսվածքների, ջլերի անատոմիական ամբողջականության վնասումներ, գլխի շրջանում սալջարդ վերքեր, ձախ հետույքային շրջանում՝ մկանային հյուսվածքների վնասումներ, մարմնի տարբեր մասերում քերծվածքներ, աճուկային շրջաններում՝ ծակված վերքեր: Սամվել Ս.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Հարվածներ հասցնելուց հետո Աբրահամ Ա.-ն դիմել է փախուստի:

Կամոն վերադարձել, տեսել է գետնին ընկած և արյունահոսող Սամվելին, պատահական տաքսի է կանգնեցրել, որով Սամվել Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հեմոռագիկ շոկից մահացել է:

Դատարանում Աբրահամ Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միայն առարկել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի չափի դեմ: Օգտվելով իր իրավունքից՝ Աբրահամ Ա.-ն հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:

Նախաքննական ցուցմունքում Աբրահամ Ա.-ն հայտնել է, թե 2017 թվականի փետրվարի 13-ի կեսգիշերին իր տուն են եկել իր ընկեր Համլետը, էլի մի քանի հոգի: Իրենք ոգելից խմիչք են օգտագործել:

Այդ ընթացքում Համլետին զանգել է նրա ծանոթ Սամվելը, ում հետ ինքը նախկինում առնչություն չի ունեցել:

Հեռախոսազրույցից ինքը հասկացել է, որ Սամվելը Համլետից պահանջել է վերադարձնել պարտքով վերցրած 6 հազար դրամը: Համլետն ու Սամվելը լեզվակռվի մեջ են մտել: Համլետն ասել է, թե Սամվելը կանչել է Էրեբունի թանգարանի մոտ՝ խոսելու: Մտածելով, թե կարող է ծեծկռտուք լինել, ինքը Համլետին խորհուրդ է տվել չգնալ, այլ Սամվելին կանչել իր տուն:

Մոտ քառասուն րոպե անց իր տուն են եկել մի քանի տղաներ, որոնցից ինքը դեմքով ճանաչել է միայն Սամվելին:

Վերջինս իր տուն մտնելով՝ հայհոյել է Համլետին, պահանջել է վերադարձնել պարտքը: Հիմնական վեճն ընթացել է Համլետի ու Սամվելի միջև, Սամվելը ձեռքերով հարվածել է Համլետին:

Ինքը զայրացել ու պահանջել է, որ նրանք դուրս գան իր տանից, տանը չհայհոյել:  Բոլորը դուրս են եկել, ինքը դուրս գալուց առաջ սեղանից վերցրել է խոհանոցային դանակը:

Տանից դուրս գալով՝ նկատել է, որ ոչ հեռու Համլետն ու ինչ-որ տղա գետնին ընկած՝ կռվում են: Մոտեցել, ցանկացել է բաժանել, բայց չի կարողացել: Տղաները փախել են: Ինքը գոտկատեղից հանել է դանակը ու վազել է նրանց հետևից: Իր մոտ եղած դանակով երկու կամ երեք անգամ հարվածել է Սամվելի հետույքային շրջանին ու ոտքին: Սամվելն ընկել է: Ինքը դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին ու հայհոյել է: Տեսնելով, որ Սամվելն ի վիճակի չէ քայլել, ինքը փախել է: Իր արարքի համար զղջում է:

Տուժողի իրավահաջորդը՝ Սամվել Ս.-ի մայրը, հայտնել է, որ դեպքի օրն իր ինքազգացողությունը վատացել էր: Ինքը Սամվելին խնդրել է շտապօգնություն կանչել: Սամվելը զանգել է: Կեսգիշերին մոտ իրենց տուն է զանգել որդու ծանոթ Համլետը ու Սամվելին մեղադրել է իր տեղը «ծախելու» համար: Մինչ այդ՝ Համլետը «Բարո» տաքսի ծառայությունում տաքսի էր վարում: Մի քանի օր տաքսի ծառայության ղեկավարությունը նրան է փնտրել: Նույն ծառայությունում մի քանի օր աշխատել է նաև իր որդի Սամվելը: Համլետը Սամվելից պարզաբանում էր պահանջում՝ ծառայության ղեկավարությանը իբր իր տեղն ասելու համար: Սամվելն ասել է, թե մայրը վատառողջ է, շտապօգնություն են կանչել:

Բայց Համլետի ձեռքից հեռախոսը վերցրել են այլ անձինք, հայհոյանքներ են տվել ու նրան ստիպել են տանից դուրս գալ, հանդիպել ու պարզաբանում տալ: Սամվելը զանգել է ընկերոջը՝ Կամոյին, խնդրել է, որ նա գա ու իրեն տանի հանդիպման: Մինչ այդ Համլետը նորից զանգել է Սամվելին ու ասել է, թե հանդիպման ժամանակ կվերադարձնի պարտքով վերցրած գումարը: Ժամը 00:20-ին Սամվելը տանից դուրս է եկել: Հետագայում ինքը Կամոյից իմացել է, որ գնացել են Վարդաշեն՝ Աբրահամի տուն, որտեղ մի քանի հոգի կային: Սամվելը Համլետից պահանջել է պարտքը վերադարձնել, նրա ու Համլետի միջև քաշքշուկ է եղել: Հետո այդ տանից դուրս են եկել, մինչև դուրս գալը Սամվելի գլխին մահակով խփել են, բացի այդ՝ դեռ տանը գտնվելու ընթացքում Սամվելին սպառնացել են դանակով: Սամվելն ու Կամոն փորձել են վազելով հեռանալ, բայց Համլետը բռնել է Սամվելին, վայր է գցել: Սկսել է հարվածներ հասցնել:

Կամոն վախեցել ու փախել է, չի մոտեցել: Նա մոտեցել է հետո, երբ Սամվելն արդեն մենակ ընկած էր ու արյունահոսում էր...  Ժամը մեկի սահմաններում իրեն զանգել է ծանոթն ու ասել է, որ Սամվելը մահացել է... Հետո լսել է, որ Համլետը զանգել է ծանոթին ու ասել է, թե Սամվելին Վարդաշենում «փրթել-գցել են»:

Տուժողի իրավահաջորդը ամբաստանյալի դեմ ներկայացրել է 3 միլիոն դրամի քաղաքացիական հայցի պահանջ:

Գործով վկա Կամո Ա.-ն հայտնել է, որ երբ ինքն ու Սամվելը  փախչում էին Վարդաշենի տանից, հինգ հոգի իրենց հետապնդել են: Սամվելն ընկել է, Համլետը հասել ու սկսել է հարվածներ հասցնել: Ինքը բաժանել է նրանց, Համլետին մի կողմ է տարել: Այդ ընթացքում Վարդաշենի տան տերը, ում «Աբո» էին ասում, դանակ է հանել ու հետապնդել է իրեն, ինքը փախել է, վազել է մոտ 300 մետր, իր տեսադաշտում արդեն ոչ ոք չի եղել, բայց ինքը լսել է Սամվելի ձայնը, որն ասում էր. «Աբո, մի խփի, մի արա տենց բան»: Ինքը գնացել է դեպի Սամվելի ձայնը: Սամվելն ընկած էր, նրա տաբատն արյունոտ էր: Նա ասել է. «Աբոն դանակով խփել ա»: Ինքը այդտեղով անցնող տաքսի է կանգնեցրել, խնդրել է Սամվելին հասցնել հիվանդանոց...

Դատարանում Կամո Ա.-ն հիմնականում տվել է խուսափողական պատասխաններ ու ասել է, թե դեպքը չի հիշում...

Դատարանը հաշվի է առել, որ Աբրահամ Ա.-ի մոտ հայտնաբերվել է անձի ու վարքի խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով:

Դատարանը հաշվի է առել Աբրահամ Ա.-ի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը:

Դատարանը հաշվի է առել, որ Աբրահամ Ա.-ն վատառողջ է, մի շարք հիվանդություններ ունի, գտնվում է նաև նյարդահոգեբույժի հսկողության տակ:

Դատարանը հաշվի է առել, որ Աբրահամ Ա.-ի խնամքին է 8-ամյա որդին: Աբրահամ Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է:

Աբրահամ Ա.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և դատապարտվել է  7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝  2017 թվականի փետրվարի 13-ից:

Աբրահամ Ա.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի  1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում: Ներկայացված քաղհայցի մնացած մասով դատարանն իրավունք է վերապահել տուժողի իրավահաջորդին՝ դիմելու քաղաքացիական դատավարության կարգով:

Աբրահամ Ա.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 343 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդը:

Պաշտպանը խնդրել է պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ մեղմացման առումով, նշանակել մեղսագրված արարքի համար օրենքով սահմանված նվազագույն պատիժ, այդ պատիժն էլ պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Տուժողի իրավահաջորդը պահանջելէ  բեկանել դատավճիռը, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: