ՄԻՊ գրասենյակը Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները

ՄԻՊ գրասենյակը Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառմանը։

 

«Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ, իբր «վերջինս քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

 

Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլ իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ: Սույն պատգամավորին հորդորում ենք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա հանձնարարությամբ' իր ներկայացուցիչների կողմից իրականացվող պարբերական այցերի, դրանց արդյունքում արձանագրած խնդիրների վերաբերյալ հրապարակումներին, Պաշտպանի' որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներին, որոնք, ի դեպ, յուրաքանչյուր տարի քննարկվում են Ազգային ժողովում, արտահերթ զեկույցներին, որոնցից մեկը հրապարակվել է նախորդ տարվա ավարտին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային բազմաթիվ ելույթներին և զերծ մնալ հասարակության շրջանում թյուր կարծիք ձևավորելու փորձերից:

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, որոնց հրավիրվում են ինչպես իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Ազգային Ժողովի պատգամավորներ:

 

Ազատությունից զրկման վայրերում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի հետ կապված հենց Մարդու իրավունքների պաշտպանն է հաղորդում ներկայացրել, ինչի արդյունքում այժմ առկա են նաև քրեական վարույթներ: Բացի այդ, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ ամենօրյա ռեժիմով լուծում են ստանում հենց Պաշտպանի միջամտության արդյունքում:

 

Ավելին, այժմ հրապարակային քննարկվող խնդիրների մեծ մասը նույնիսկ հասանելի չի եղել դրանք այսօր հրապարակային քննարկող դերակատարներին' մինչև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարբեր ձևաչափերով դրանք հրապարակային դարձնելը, քանի որ նման բնույթի խնդիրներն արձանագրելու լայն մանդատ և հնարավորություն ունի հենց ՄԻՊ-ը: Ազատությունից զրկված անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և խթանման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո:

 

Հորդորում ենք պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: