ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությամբ կունենանք օրհներգի մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին՝ որակյալ ձայնագրություններով և ճշգրիտ կատարումներով:
Արդյո՞ք օրհներգից հատված է հեռացվել: Փոխնախարարն ասել է, որ ոչ մի բան չի հանվել տեսքստից:
«Ամբողջական տեքստը, որը կար 2006 թվականի տարբերակում, ամբողջությամբ մնացել է, տների տեղափոխություն է տեղի ունեցել։ Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական զարգացում կատարվի։ Առաջին տան մեջ մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդում՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդում՝ պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և այն վերջացնում ենք ուղերձով՝ «թող միշտ պանծա Հայաստան», որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,- ասել է Դանիելյանը
Դիտարկմանը, թե հեղինակային ստեղծագործությունը փոփոխելու իրավասություն ունեն, Դանիելյանը պատասխանել է. «Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացի աղջկա երգը», որն ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով է եղել։ Իսկ հիմա մենք խոսում ենք պետական օրհներգի մասին»։
Հիշեցնենք՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Ես որոշակի մասնակցություն ունեցել եմ այս նախագծի ձևավորման քաղաքական մասին։ Կարծում եմ, որ շատ կարևոր օրենսդրական նախագիծ է։
Պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ ու շատ երկար ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարմանը, չկա արագության ստանդարտ, ըստ տեմպի ստանդարտ, տևողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք հրավիրում, քան օրհներգին, որովհետև «Յութուբ»-ում հարազատ օրհներգ կա։
Իմ անձնական փորձն այն է եղել, որ ոչ մեկը չի ասել՝ բա ի՞նչ օրհներգ է հնչելու։ Սա ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով պետք է լուծենք»։