Սպանություն Շենգավիթում. 43-ամյա տղամարդը կալանավորվել է

Սպանություն Շենգավիթում. 43-ամյա տղամարդը կալանավորվել է

Հունիսի 29-ին, գիշերվա ժամը 2.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, չհայտնաբերվեց:

 

Հուլիսի 2-ին, առավոտյան ժամը 5-ին, հիվանդանոցից ստացվեց նոր հաղորդում. վերակենդանացման բաժանմունքում Գառնիկ Ավագյանը մահացել էր։

 

Նույն օրը, ըստ օրենքի, Շենգավիթի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Հոկտեմբերի 15-ին ստացված դատաբժշկական եզրակացությամբ պարզվեց, որ տղամարդու մահը ոչ թե պատահմամբ ընկնելու, այլ ֆիզիկական ներգործության հետևանք է։

 

Նախաքննությունը նոր թափ ստացավ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որն իրացրին Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների հետ: Վարույթային գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ հունիսի 29-ին Երևանի Բագրատունյաց փողոցում

 

Գառնիկ Ավագյանին հարվածներ հասցրել և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էր պատճառել նույն փողոցի բնակիչ 43-ամյա մի տղամարդ:

 

Նոյեմբերի 19-ին նրա նկատմամբ սպանության հատկանիշներով հարուցվեց հանրային քրեական հետապնդում։

Հաջորդ օրը'նոյեմբերի 20-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում նրան ձերբակալեցին և ներկայացրին Շենգավիթի քննչական բաժին։

 

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: