ՀՀ օրհներգի վերջին քառատողը կավարտվի այլ տողերով. ինչ է նախատեսվում փոխել և ինչի համար (տեսանյութ)

ՀՀ օրհներգի վերջին քառատողը կավարտվի այլ տողերով. ինչ է նախատեսվում փոխել և ինչի համար (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ: Դրանք ուղղված են հիմնի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։

 

 

Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»։

 

 

Թագուհի Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ՀՀ ներկայիս օրհներգը իր ինքնությամբ և մշակութային կապվածությամբ արմատացած է հասարակության մեջ, դրա համար օրհներգի տեքստի ամբողջական փոփոխության չեն գնում, այլ միայն վերջին քառատողի:

 

 

Ղազարյանի խոսքով՝ առաջարկվող տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ, և արձագանքները դրական են եղել։

 

 

Երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը, սակայն, կարծում է, որ մեր օրհներգը որևէ կապ չունի հայկականության հետ: Խիստ գնահատական տալով՝ ասում է, որ այն պետականության ոչնչացմանն ուղղված խորհրդանիշ է։

Բաղրամյանը հիշեցնում է, որ մեր հիմնը իտալական երգի ծագում ունի։ Նրա դիտարկմամբ՝ օրհներգը պետք է այցեքարտ լինի. «կարող է մարդ խուլ լինի, չլսի այն, բայց կզգա»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: