Մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանն ու նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել են նաև Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանը և Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ ըստ տեղեկությունների նրանցից մեկը մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Հատկապես կարեվոր գործերով քննիչներ քննիչներ Աշոտ Խաչատրյանի և Արամայիս Դավթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև փորձաքրեագետները:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություններից «Դերոյի Արսենն» է։
Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, ով տեղում է մահացել, իսկ հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, ով հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն է, ով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։