Ողբերգական դեպք Երևանում. Chevrolet-ը վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 15-ամյա տղաների. կա 1 զոհ, 1 վիրավոր ․ ցանկացել են սպանել վարորդին․ տեսանյութ․ մանրամասներ

Ողբերգական դեպք Երևանում. Chevrolet-ը վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 15-ամյա տղաների. կա 1 զոհ, 1 վիրավոր ․ ցանկացել են սպանել վարորդին․ տեսանյութ․ մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանի, Գեղամ Գալստյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և ինքնագլորը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Մալաթիայի  բաժին և հայտնել, որ վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ երեխաները եղել են էլեկետրական ինքնագլորով և այն նախատեսված է եղել 1 հոգու համար և անակնկալ երեխաները հայտնվել են վարորդի առջև, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը:

Դեպքի վայր էին ժամանել նաև վրաերթի ենթարկվածների հարազատները և միայն պարեկների, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ու քննիչների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում հաշվեհարդար տեղի չունեցավ, քանի որ մահացածի և վիրավորի հարազատները հարցուփորձով փորձում էին ճշտել, թե որտեղ է գտնվում վարորդը: