Ու՞մ է իրականում հաղորդագրություն ուղարկել  Apple-ը և ինչու՞ է անհանգստացած Արթուր Վանեցյանը

Ու՞մ է իրականում հաղորդագրություն ուղարկել Apple-ը և ինչու՞ է անհանգստացած Արթուր Վանեցյանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանն աղմկահարույց գրառում է կատարել՝ իշխանությանը մեղադրելով Pegasus ծրագրի միջոցով իր և իր շրջապատի, ընտանիքի անդամների հեռախոսների վրա հարձակում գործելու համար։

 

Ըստ Արթուր Վանեցյանի՝ Apple ընկերությունն իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ զգուշացնելով գաղտնալսման պոտենցիալ վտանգի մասին։ Սակայն ինչպես պարզվում է՝ նման հաղորդագրություն ստացել են հայաստանյան բազմաթիվ օգտատերեր, այդ թվում պատգամավորներ և պաշտոնյաներ հենց իշխանությունից։

 

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք պատգամավորներ ևս ստացել են նույնաբովանդակ հաղորդագրություն Apple ընկերության կողմից։ Մասնավորապես՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լիլի Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը ևս ստացել է նման ծանուցում, և որ դա Apple ընկերության գուշացումն է իր օգտատերերին ու պետք չէ որևէ քաղաքական ենթատեքստ փնտրել դրանում։

 

ԱԺ նախորդ գումարման «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանը ևս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ստացել է նման զգուշացում։ Նշենք, որ Apple ընկերությունը հայց է ներկայացրել NSO Group ընկերության դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Apple-ի օգտատերերին հետևելու համար:

 

Ըստ Apple-ի՝ NSO Group-ը թիրախավորել է օգտատերերի սարքերն իր Pegasus լրտեսող ծրագրերով: Apple ընկերությունը նաև պահանջում է մշտական արգելք սահմանել NSO Group-ի ցանկացած ծրագրի, ծառայությունների կամ սարքերի համար։

 

Այսինքն՝ Pegasus լրտեսող ծրագրերի կիրառումը տարածված է ամբողջ աշխարհում և այն չի սահմանափակվում միայն Հայաստանով և առավելևս չի սահմանափակվում միայն Արթուր Վանեցյանի հեռախոսով։ Խնդիրն ունի գլոբալ բնույթ և դրա դեմ պայքարում է Apple կազմակերպությունը