«3 մլն դոլարը Ռոբերտ Քոչարյանինն էր, 3 մլն-ը՝ Սերժ Սարգսյանինը, իսկ 1 մլն-ը՝ Արմեն Գևորգյանինը»․ Սիլվա Համբարձումյանը մանրամասնում է

«3 մլն դոլարը Ռոբերտ Քոչարյանինն էր, 3 մլն-ը՝ Սերժ Սարգսյանինը, իսկ 1 մլն-ը՝ Արմեն Գևորգյանինը»․ Սիլվա Համբարձումյանը մանրամասնում է

«2018թ. հետո ինձ չեն կանչել հարցաքննության, տեղյակ չեմ, թե ինչու են հիմա Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:

 

Նշենք, որ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիմքով 2018թ.-ին հարուցված քրեական գործով ներկայումս ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այս գործով մեղադրանք չէր առաջադրվել, սակայն այսօր պարզվեց, որ նա ևս որպես մեղադրյալ է ներգրավվել և հրավիրվել հարցաքննության։

 

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հրավիրվել է Կոմիտե՝ հարցաքննության: Իսկ ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցաքննության հրավերի ծանուցմանը, Ֆեյսբուքի իր էջում գրառել էր. «Եվ զավեշտն այն է, որ երեքուկես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա, և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել...»:

 

Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում հիշատակեց, որ իր ցուցմունքում նշել է, որ 2008թ.-ին 7մլն դոլար կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին, որպեսզի վերջիններս չխոչընդոտեն արաբների հետ իր գործարքին. «Վաճառքի գործարքը  Էմիրաթների հետ էր: 7 մլն դոլար կաշառքը տվել եմ Սամվել Մայրապետյանին, նա որպես միջնորդ էր հանդես գալիս: 3 մլն դոլարը Ռոբերտ Քոչարյանինն էր, 3 մլն-ը՝ Սերժ Սարգսյանինը, իսկ 1 մլն-ը՝ Արմեն Գևորգյանինը: Այդ գործարքը եղել է 2008թ.-ին, բայց քանի որ ես 2 մլն-ը փոխանցում եմ արել, 5 մլն դոլարը կանխիկ եմ տվել, դրա համար 2018թ. բացահայտվել է»:

 

Ըստ քրեական գործի՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերությանը միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Ռոբերտ Քոչարյանը նրանից ստացել է 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։ Իսկ Արմեն Գևորգյանը 2008թ. ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառք:

 

Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի մասով դատաքննությունն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։