Առողջապահության նախարարությունը  տեղեկություններ է  տրամադրել պատվաստանյութերի մասին

Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է տրամադրել պատվաստանյութերի մասին

Առողջապահության նախարարությունը շարունակում է տեղեկություններ տրամադրել պատվաստանյութերի մասին, որը ներկայացրել է Առողջապահության ազգային ինստիտուտը։

 

«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը, որը գենետիկորեն փոփոխվել է այնպես, որ չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Այն մշակվել է Օքսֆորդի համալսարանում (հաճախ այս պատվաստանյութն անվանում են նաև «Օքսֆորդյան պատվաստանյութ»):

 

Ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների՝ պատվաստանյութը ցուցաբերում է 76 % արդյունավետություն ախտանշանային COVID-19-ի դեմ և 100 % արդյունավետություն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերում, հոսպիտալացման և մահացության իմաստով: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է Դեղորայքի եվրոպական գործակալության (EMA) կողմից ամբողջ Եվրոպական Միությունում (ԵՄ)՝ 2021թ. հունվարի 29-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո:

«Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության՝ Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Ինչպես և «ԱստրաԶենեկան», «Սպուտնիկ V-ի» վեկտորի հիմքում ևս ադենովիրուսն է, սակայն այս դեպքում կիրառվել է մարդու ադենովիրուս: Թեև «Սպուտնիկ V-ն» գրանցվել է մոտավորապես 60 երկրներում, սակայն դեռևս պետք է հավանություն ստանա EMA-ի կողմից՝ Եվրոպա ներմուծման և օգտագործման համար:

 

2020 թ. սեպտեմբերին հեղինակավոր բժշկական «The Lancet» ամսագրում լույս են տեսել «Սպուտնիկ V-ի» կլինիկական փորձարկումների 1-ին և 2-րդ փուլի որոշ արդյունքներ, որոնք վկայում են այն մասին, որ պատվաստանյութը ձևավորում է ուժեղ իմուն պատասխան՝ առանց լուրջ կողմնակի ազդեցությունների:

 

Իսկ 2021 թ. փետրվարի 2-ին նույն «The Lancet» ամսագրում հրապարակվել են «Սպուտնիկ V-ի» կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի արդյունքները, ըստ որոնց՝ ռուսական պատվաստանյութը ցուցաբերում է 91.6 % արդյունավետություն ախտանշանային COVID-19-ի դեմ, առանց լուրջ կողմնակի ազդեցությունների և բարձր արդյունավետություն ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերում և հոսպիտալացումների դեմ: