Ըստ Եվրամիության չափանիշների մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն. Ռոմելլա Աբովյան

Ըստ Եվրամիության չափանիշների մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն. Ռոմելլա Աբովյան

«Համաճարակային իրավիճակը բավականին լարված է, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Վերջին 14 օրվա տվյալների վերլուծությունները փաստում են, որ նախորդ 14 օրվա հետ համեմատ ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

 

Նա նշեց, որ մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1.5-1.7 անգամ դեպքերի աճ է գրանցվել:

«Ըստ Եվրամիության չափանիշների մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն, այսինքն կարմիր գոտուց մոտենում ենք վառվող կարմիր գոտի: Հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնի 500-ի և տեստերի դրական մասնաբաժինը, եթե լինի 12 տոկոս, կհայտվենք վառվող կարմիր գոտում»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

 

Նրա խոսքով հիվանդացությունների ցուցանիշը բարձր է բոլոր մարզերում անխտիր, և հիվանդությունը երիտասարդացել է ու թիրախավորում է 30-50 տարեկան անձանց: Նաև կան դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք: