Պատվիրված 8.6 մետրանոց ավտոբուսներից 53-ն արդեն Երեւանում են (լուսանկարներ)

Պատվիրված 8.6 մետրանոց ավտոբուսներից 53-ն արդեն Երեւանում են (լուսանկարներ)

Չինաստանից Երեւան է հասել 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

 

Կարապետյանը նշեց, որ առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է՝ 53 ավտոբուս, իսկ մնացածը կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նա դժվարացավ ժամկետ ասել, թե նոր ավտոբուսները երբ երթուղի դուրս կգան: «Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշեց Կարապետյանը:

 

Ըստ խոսնակի՝ քաղաքապետարանի խոստացած 211 ավտոբուսները մինչեւ տարվա վերջ կլինեն Երեւանում: Բոլորն արդեն Փոթիի նավահանգստում են, մաս-մաս բերվում են:

 

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստերից մեկի ժամանակ պայմանագիր էր ստորագրել, որով էլ համայնքը ձեռք է բերել 8.6 մետրանոց, ցածր հատակով եւ միջազգային բոլոր նորմերին համապատասխանող այս նոր ավտոբուսները: «Դրանց մատակարարումը կլինի այս 6 ամսվա ընթացքում: Նաեւ ուզում եմ նշել, որ այդ ավտոբուսները «Սի ԷՆ ՋԻ»-ով (վառելիքի տեսակ, սեղմված բնական գազ է, որը բաղկացած է հիմնականում մեթանից) են աշխատում, որը համարվում է կանաչ վառելիք»,- ավելի վաղ ասել էր քաղաքապետը: