Սուրեն Պապիկյանն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Միջանցքի հարցը չի քննարկվում: Քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը: Այսինքն, որպեսզի գործող ենթակառուցվածքները բացվեն թե մեր կողմից, թե հարևանների կողմից: Այս մասին «Ազատության» եթերում, պատասխանելով սոցիալական ցանցերի օգտատերերի հարցերին, ասաց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ չի կարող ասել, թե Ադրբեջանի պատկերացմամբ ինչ է նշանակում «միջանցք», բայց վստահեցրեց' դա տեղի չի ունենա:

 

«Այսինքն՝ ՀՀ ինքնիշխան տարածքով ցանկացած անցում ենթադրելու է տրանզիտ, և դա իրականությունն է: Իսկ թե ինչից մենք վախենում կամ ով ինչ է ասում, դա այլ հարց է»,- ասաց ՀՀ փոխվարչապետը:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև ադրբեջանցի ու թուրք բարձր պաշտոնյաներ, 44-օրյա պատերազմից հետո հաճախ բարձրաձայնում են այսպես կոչված' «Զանգեզուրի միջանցքի» մասին:

 

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառում իր ելույթի ժամանակ հերթական հավակնոտ հայտարարությունն էր արել Զանգեզուրի և այն ադրբեջանցիներին «վերադարձնելու» վերաբերյալ։

 

«Ներկայումս Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Բայց Զանգեզուրի միջանցքը ստեղծելու արդյունքում՝ մենք, բնականաբար, այն կօգտագործենք մեր քաղաքացիներին այնտեղ վերադարձնելու համար»,- ասել էր նա: