Սերժ Սարգսյանը հաստատեց, որ 15 անգամ թռել է Բադեն Բադեն

Սերժ Սարգսյանը հաստատեց, որ 15 անգամ թռել է Բադեն Բադեն

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է. «Անդրադառնալով այսօր լրատվական դաշտում տարածվող ակնհայտ ուղղորդված այն հերյուրանքին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ' ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք, հայտնում եմ, որ ներկայացվածը ուղղորդված հերթական բացարձակ զրպարտչական ապատեղեկատվություն է։

ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին:

Ավելին' նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։
Հետևաբար' Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է։

Ուստի, ճիշտ կլիներ, որ մինչև սուտ տեղեկություններ տարածելու առաջարկություն ստանալն ու համաձայնություն տալը, իրավական ուղեկցում ունենալու նպատակով նախ և առաջ պարզվեր համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների զբաղվածության աստիճանը»:

 

 

«ՉԻ». Սա այն դեպքն է, երբ ավելի լավ է հերքում չլիներ: Հոնքը դզելու փոխարեն աչքն են հանում: Բանն այն է, որ «Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1 նախագահական ինքնաթիռի թռիչքների մասին տեղեկատվությունը:

 

 

Ստացած տեղեկատվության հիման վրա Fip.am-ը գրել է, որ սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան: Հատ-հատ նշել են, թե երբ են եղել այդ թռիչքները:

 

 

Հիմա փաստաբանը բռնել, հերքել է դրանցից մեկը. որ 2016 թվականին Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն է գնացել: Շատ հնարավոր է, որ ճիշտ է ասում: Բա էն մնացած 15 թռիչքնե՞րը: Թռիչքի 16 դրվագ է ներկայացվել, դրանցից մեկը հերքել են, ստացվում է, որ մնացած 15-ը հաստատում են: Յանի այս հերքման իմաստը ո՞րն էր: Սա հերքում չէր, սա հաստատում էր:

Հերքումն այն կլիներ, եթե փաստաբանը կամ, չգիտենք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի գրասենյակը, տեղեկատվություն տար, մեկ առ մեկ պարզաբաներ, թե Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան թռիչքներից յուրաքանչյուրն ինչ նպատակով է իրականացվել: Մեկի դեպքում, կարող է՝ Ալիևի հետ է հանդիպել, էն մյուսը՝ ԵԱՀԿ համանախագահների, և այսպես շարունակ: Կարող է, թռիչքներ էլ եղել են, որոնց հետ Սերժ Սարգսյանը որևէ կապ չի ունեցել, ինքնաթիռում չի եղել: Ու բոլոր չարախոսների բերանը կփակվեր: Իսկ այսպես լրիվ կիլդիմ դարձրիք: