Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր չհրապարակված հարցազրույցին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր չհրապարակված հարցազրույցին

Հայաստանն այս ժամանակաշրջանում իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է բացառիկ սառնասրտություն և հավասարակշռություն ցուցաբերի: ՀՀ կառավարությունն առաջնորդվում է հենց այդ տրամաբանությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչու չի հրապարակվում 2020 թվականի սեպտեմբերի վերջին Հանրային Հեռուստաընկերությանը տված՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որի անոնսը ներկայացնելիս ՀՀ վարչապետը գրել էր, թե բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ հարցազրույցը եթեր չի գնացել միայն մեկ պատճառով՝ պատերազմը սկսվեց: Այդ հարցազրույցը կա և երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, կարծում եմ, որ ոչ մի բան չի խանգարում, որ քննիչ հանձնաժողովում այդ հարցազրույցը դիտեն: Ես բացարձակ դեմ չեմ, որ դիտեն և չմոնտաժված և եթերային տարբերակը:

 

Հետին թվով հարցազրույցներ հրապարակելը, հարցազրույցներ անելը չեմ կարծում, թե գործին որևէ օգուտ կտա, սակայն ես ընդունում եմ, որ կարող են լինել հարցեր, որոնց պատասխանը ՀՀ քաղաքացիները, Ազգային ժողովը պետք է ստանա, հույս ունեմ, որ այդ բոլոր հարցերի պատասխանները քննիչ հանձնաժողովի շրջանակում կտրվեն՛՛:

 

Նա ասաց նաև, որ իրենք ՀՀ քաղաքացիներից ու Ազգային ժողովից թաքցնելու որևէ բան չունեն: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը որտեղ առանցքային դրույթներից մեկը ՀՀ-ի ու տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու պարտավորությունն է: ՛՛Մենք այս ճանապարհով հետևողականորեն գնում ենք՛՛,-նշեց վարչապետը

 

Պատգամավորի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը իմացել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է գործելու, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը քիչ հավանական են համարել: