Արտակարգ դեպք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում. ինչ է իրականում տեղի ունեցել

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում. ինչ է իրականում տեղի ունեցել

․Shamshyan.com-ը գրում է

 

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի  8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ:

 

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Արագածի բաժնի պետ Արմեն Հարությունյանը:

 

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ  17:45-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան դիմաց  30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում իր կողմից կայանված,  Գեղաձոր համայնքին պատկանող  «ԿԱՏ» մակնիշի 2087 ԼԼ տրակտորը երբ փորձել է  տեղաշարժել,  անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած «վալնան» (օդի  ալիքը)  վնասել է բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները,  հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր: Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները:

 

Օպերատիվ են գործել Արագածի և Ապարանի բժիշկները, ովքեր  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո Արագածի բժշկական կենտրոնի բժիշկները դարձյալ վերադարձել են դեպքի վայր և տեղում օգնությունն են ցուցաբերում ևս մեկ հոգու:

 

Հավաքվածներն ասում էին, որ այդ մեկ հոգին տանտերն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածները՝ նրա հարազատներն են:

 

Քաղաքացին կրել է խոշոր չափի նյութական վնաս ու գյուղացիները խնդրանքով դիմում են Արագածոտնի մարզպետին, որպեսզի սոցիալապես անապահով տուժված ընտանիքին  օգնության ձեռք մեկնեն: Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ոստիկանության Արագածի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Բաղդասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութ են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում