«Բացարձակ ու լկտի սուտ է». Տիգրան Մուկուչյանը՝ իր ու Փաշինյանի միջեւ վեճի ու քաշքշուկի տեղեկությունների մասին

«Բացարձակ ու լկտի սուտ է». Տիգրան Մուկուչյանը՝ իր ու Փաշինյանի միջեւ վեճի ու քաշքշուկի տեղեկությունների մասին

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն այսօր Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է կապի մեջ եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Երբեք չեմ եղել»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը:

Այնուհետեւ Զոհրաբյանը մեջբերեց կայքերից մեկում հունիսի 10-ին տեղ գտած մի հրապարակում, ըստ որի՝ «Նիկոլ Փաշինյանի եւ Տիգրան Մուկուչյանի միջեւ վեճ եւ քաշքշուկ է եղել»:

«Բացարձակ ու լկտի սուտ է»,- անմիջապես արձագանքեց Տիգրան Մուկուչյանը:

«Սո՞ւտ է»,- փորձեց կրկին ճշտել Զոհրաբյանը:

«Նաեւ որակեցի՝ ինչ սուտ է»,- թեման եզրափակեց Մուկուչյանը:

Հաջորդիվ Արա Զոհրաբյանի հարցերը մեծ մասամբ վերաբերում էին նույն թեմային, ինչի մասին երեկվա նիստում խոսվել էր:

Գրեթե բոլոր հարցերին Մուկուչյանը պատասխանում է՝ «երեկ մանրամասն անդրադարձել եմ այդ թեմային» նախադասությամբ:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Զոհրաբյանին խնդրեց խուսափել կրկնություններից՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը:

Հիշեցնենք՝ 4-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանում քննվում է հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը: Վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: ՍԴ դիմում են ներկայացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Պատասխանող կողմերից մեկը ԿԸՀ-ն է: Գործով 3-րդ անձ է ներգրավվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: