Երևանում բախվել են Mitsubishi Pajero-ն ու մոտոցիկլը ,  մոտոցիկլավարն ու նրա 4-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցներ.

Երևանում բախվել են Mitsubishi Pajero-ն ու մոտոցիկլը , մոտոցիկլավարն ու նրա 4-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցներ.

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են  մոտոցիկլն ու Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մոտոցիկլի ուղևոր երեխան, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Սարգսյանն ու Գագիկ Սարգսյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:  Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Ոստկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված  մոտոցիկլավարի, նրա ուղևորի և Mitsubishi-ի  վարորդի ինքնությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի