Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում ավելի մեծ թվով գրանցված աշխատատեղեր չեն եղել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում ավելի մեծ թվով գրանցված աշխատատեղեր չեն եղել․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել, և ըստ էության կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել:

 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նիստի սկզբում նշել է, որ նախորդ տարվա մարտի համեմատ այս տարվա մարտին հարկման բազա ունեցող աշխատատեղերը ավելացել են 2500-ով։ Ըստ նրա՝ հաշվի առնելով անցյալ տարվա մարտից համավարակի առկայությունը, և դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություն իրականացվել է նաև 2019-ի համեմատ:

 

«2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով: Հարկման բազան կազմել է 131 մլրդ դրամ եւ այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 7,5 մլրդ դրամով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 մլրդ-ով: Միջին աշխատավարձը, միջին հարկման բազան կազմել է 211 500 դրամ, որը 2020-ի նկատմամբ ավել է 12 հազարով, իսկ 2019-ի համեմատ ավել է շուրջ 28 հազարով։ Այս տվյալները հիմնված են հենց հարկ վճարողների ներկայացրած հաշվետվություններից, և այդ եկամուտներից նրանք հարկ են վճարել: Ավելացած աշխատատեղերի մեջ կան ինչպես նոր աշխատատեղեր, այնպես էլ ստվերից դուրս եկած աշխատատեղեր։ Ապրիլին 2019-ի համեմատ ապրանքաշրջանառության եւ գործարքների քանակով այն աճել է 20-22 տոկոսով: Ստվերի հատվածը մեծ է, քանի որ ունենք հսկողական աշխատանքներ, որտեղ թվային պատկերները հստակ են»,-նշել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ կա նաև գնաճի գործոնը.

 

«Բայց ենթադրում եմ, որ եթե կա 20 տոկոսի աճ, ենթադրենք 5-6 տոկոս գնաճ ունենք, պետք է հաշվել, թե որքան է գնաճով պայմանավորված աճը եւ որքան է բուն, բովանդակային աճը»:

Վարչապետը նշեց, որ աշխատատեղերի թիվը ՀՀ-ում շուրջ 622 հազար է, իսկ 600 հազարի շեմը հաղթահարվել է 2019-ի մայիսին. Այս պահին 2018-ի մարտի համեմատ ունենք մոտ 85 հազար աշխատատեղի աճ: Նրա խոսքով, այս տարվա մարտին գրանցված աշխատատեղերի առումով ունենք ռեկորդ:

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ եթե այս տեմպերով գնանք, ապրիլին կունենանք գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ ՀՀ պատմության մեջ.

«Սա խոսում է այն մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է: Անհամբերության սպասում ենք վիճակագրության կոմիտեի տվյալներին, որ տեսնենք, թե ինչ տվյալներ ունենք ՀՆԱ-ի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով»,-նշեց նախարարը: