Վարչապետը վստահեցրել է, որ ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն

Վարչապետը վստահեցրել է, որ ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Երկրի ղեկավարը նշել է, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:

 

«Քարոզարշավը ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ եւ լիովին հասկանում ենք նրա խնդիրները, կարիքները եւ ցանկությունները», - ասել է Փաշինյանը:

 

Վարչապետը հավելել է, որ հանրությանը կներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը:

«Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակները առաջիկա տարիների համար»,- նշել է Փաշինյանը:

 

Փաշինյանի խոսքով ՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները, երբ նա դարձավ վարչապետ, եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չէին վիճարկվել Սահմանադրական դատարանում:

«Մեզ հաջողվել է ապահովել լիովին թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք նաև բարձր գնահատական են ստացել միջազգային դիտորդական կառույցների կողմից:  Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով։ Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել ընտրությունների այնպիսի անցկացումը, որ դրանք վիճարկելու առիթ չլինի», - եզրափակել է Փաշինյանը:

 

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: