Հայաստանի պատասխանը ադրբեջանին

Հայաստանի պատասխանը ադրբեջանին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցին

Հարց․ Ադրբեջանի իշխանությունները վերջերս հանդես են գալիս հայտարարություններով՝ մեղադրելով հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։

 

Պատասխան. Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ:

Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին' ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը  խափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․  արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի  մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը։

 

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։