Նիկոլ Փաշինյանը հաղթելու է ընտրություններին. միջազգային կառույցի աննախադեպ գնահատականը

Նիկոլ Փաշինյանը հաղթելու է ընտրություններին. միջազգային կառույցի աննախադեպ գնահատականը

Միջազգային գործակալությունը կարծում է, որ Փաշինյանը կպահպանի իշխանությունը, բայց նաև նշում է, որ պատերազմից հետո կառավարության հանդեպ վստահությունը զգալիորեն թուլացել է, ինչը կարող է լրջորեն խանգարել կառուցվածքային բարեփոխումների անցկացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը թողել է B+ մակարդակում' կայուն կանխատեսմամբ: Զեկույցը հրապարակվել Է գործակալության կայքում։

© SPUTNIK / LAURA SARKISIAN

«Կասեմ, որ ես, այո՛, մասնակցում եմ». Արա Աբրահամյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Fitch-ը նշում է, որ գնահատականն արտացոլում է պետական և արտաքին պարտքի բավականին բարձր մակարդակը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսավորումը և աշխարհաքաղաքական լարվածությունը, որը կարող է վերաճել ռազմական հակամարտության:

Սակայն, ըստ գործակալության, այդ գործոնները որոշակիորեն հավասարակշռվում են այլ գործոններով' բնակչության մեկ շնչի հաշվով համեմատաբար բարձր եկամուտ (income per capita), բիզնեսի կառավարման, զարգացման և վարման պարզության ցուցանիշներ, որոնք գերազանցում են «B» միջին ցուցանիշը, ինստիտուտներ, որոնք ապահովել են քաղաքական բարեփոխումների գործընթացի սահունությունը, դիմացել են 2020 թվականի համավարակի շոկին և Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմին:

Fitch-ի վերլուծաբանները հիմնվում են նաև «արդյունավետ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության» ցուցանիշների, ինչպես նաև բարեփոխումների հանձնառության գործոնի վրա, ինչն ամրապնդվում է ԱՄՀ-ի պահուստային համաձայնագրով (SBA):

Ընդ որում' Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել խորհրդարանական մեծամասնության գործող կոալիցիան արտահերթ ընտրություններում, որոնք նախանշված են 2021 թվականի հունիսի 20-ին:

© SPUTNIK / ASATUR YESAYANTS

«Կտրականապես դեմ եմ ընտրություններին». Վազգեն Մանուկյանը պնդում է' կխայտառակվենք

«Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանի հրաժարականի կոչերով բողոքի ալիք է բարձրացել երկրում։ Նման կոչ են արել նաև զինվորականները։ Չնայած մենք կարծում ենք, որ նա կպահպանի իշխանությունը, այդուհանդերձ պատերազմից հետո նրա կառավարության հանդեպ վստահությունը զգալիորեն թուլացել է, ինչը կարող է լրջորեն խանգարել կառուցվածքային բարեփոխումների անցկացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին»,– գրում է Fitch-ը ։

 

Վարկանիշային գործակալությունը նաև ենթադրում է, որ պատերազմում պարտվելու հետևանքները, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել մոտ ապագայում՝ հաշվի առնելով փախստականների մեծ հոսքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացների վերսկսման անհրաժեշտությունը, որոնք ավելի վաղ ձախողվել էին:

 

«Չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը' չի կարելի բացառել, որ ապառազմականացված գոտու բացակայության պատճառով Լեռնային Ղարաբաղում կարող է կրկնվել էսկալացիան։ Պատերազմը նաև ամրապնդել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգության և տնտեսական հարաբերությունների հարցերում», — գրում է գործակալությունը։

 

Նշենք, որ վարկային վարկանիշն ազդում է պետության նկատմամբ ներդրողների վստահության, ինչպես նաև այն գործոնի վրա, թե որքան շահավետ պայմաններով երկիրը կարող է պետական պարտք վերցնել:

 

Հիշեցնենք' ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։