Ռոբը կարա նորից տխրի. Սահմանադրական դատարանի որոշումը հնարավոր չէ կատարել

Ռոբը կարա նորից տխրի. Սահմանադրական դատարանի որոշումը հնարավոր չէ կատարել

Իրավաբան Արտաշես Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարանի որոշումը բուռն է ընկալվել հայ հասարակության կողմից, և դա բնական է, քանի որ ձևավորվել է տպավորություն, որ Մարտի 1-ի գործն անդառնալիորեն փակուղու մեջ է մտել։ Սակայն փորձեմ խիստ նախնական մի քանի դիտարկում անել, որոնք մասնակի կցրեն Սահմանադրական դատարանի որոշումից ստացված դառը տպավորությունը։

1․ Նախ՝ առանց Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տեքստի՝ հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել առ այն, թե Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածն ինքնին ճանաչվել է հակասահմանադրական, թե հակասահմանադրական է ճանաչվել որոշակի մեկնաբանության շրջանակում։ Իսկ դա խիստ կարևոր հանգամանք է, քանի որ Սահմանադրական դատարանը բազմաթիվ որոշումներ ունի, որտեղ փաստացի հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե նորմը՝ որպես այդպիսին, այլ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը։

Օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովը նույն Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա 18.06.2020թ․ խորհրդատավական եզրակացություն է տվել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի որոշակիության վերաբերյալ և նշել է, որ այդ հոդվածով նախատեսված նորմի որոշակիությունը կապված է իրավակիրառ պրակտիկայում և, մասնավորապես, դատարանների կողմից դրան տրված մեկնաբանությունից, և միայն այդ պրակտիկայի գնահատական արդյունքում է հնարավոր պարզել՝ արդյոք Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը բավարար չափով որոշակի է, թե՝ ոչ։

Սահմանադրական դատարանը բազմաթիվ որոշումներ ունի, որտեղ ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել իրավական նորմի այս կամ այն մեկնաբանությունը, այլ ոչ թե այդ նորմն ինքնին (per se):

2․ Սահմանադրական դատարանի որոշման բովանդակությունն ու նորմատիվ նշանակությունը պարզելու համար բավարար չէ միայն որոշման եզրափակիչ մասը․ հարկավոր է հիմք ընդունել նաև որոշման պատճառաբանական մասը և այդ երկուսը գնահատել համակցության մեջ։ Այլ կերպ ասած՝ որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը որոշում է՝ նորմը Սահմանադրությանը հակասում է, թե՝ ոչ, իսկ պատճառաբանական մասում մանրամասնում է, թե որ դեպքերում և ինչ հիմքերով է այդ նորմը սահմանադրական կամ հակասահմանադրական։

Նշյալ հանգամանքն իր որոշումներում ճանաչել և պարտադիր է համարել հենց Սահմանադրական դատարանը։ Մասնավորապես, 25․02․2011թ․ ՍԴՈ-943 որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է հետևյալը․

"Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով հստակ բացահայտված չէ «իրավական դիրքորոշում» եզրույթի բովանդակությունը:

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման, դրա իրավաբանական ուժի, իրավահամակարգում ունեցած դերի և նորմաստեղծ նշանակության խնդիրներն օրենքով դեռևս լիարժեք կարգավորման չեն ենթարկվել: Սահմանադրական դատարանն իր ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում կարևորել է իրավակիրառող սուբյեկտների կողմից սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պարտադիր հաշվի առնելու հանգամանքը, որպես նաև սահմանադրական արդարադատական միջազգային պրակտիկայում հաստատված կանոն:"։

Սահմանադրական դատարանի որոշման մեջբերումից հետևում է, որ Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի համադրված վերլուծության արդյունքում է միայն հնարավոր պարզել՝ ինչ էր ուզում ասել Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ, և ժամանակավրեպ է ուրախանալ կամ տխրել՝ գործի հանգուցալուծման հետ կապված։

3․ Անգամ եթե Սահմանադրական դատարանի որոշումը, ի վերջո, հանգի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի հակասահմանադրականությանը, ապա ՀՀ գործող քրեադատավարական և սահմանադրա-դատավարական օրենսդրությամբ նախատեսված չէ այդ որոշման կատարման կառուցակարգը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշումը հնարավոր չէ կատարել։

Մասնավորապես, "Սահմանադրական դատարանի մասին" սահմանադրական օրենքի 68-րդ, 69-րդ և 71-րդ հոդվածները, որոնք վերաբերելի են այս գործին, չեն սահմանում, թե Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ընդհանուր իրավասության դատարանն ինչ գործողություն պետք է կատարի։ Նման պայմաններում, երբ չկա իրավական կարգադրագիրը կատարելու կառուցակարգ, նշանակում է, որ այդ կարգադրագիրը ենթակա չէ կատարման և ունի հռչակագրային բնույթ։

Բացի այդ, Քրեական դատավարության օրենսգրքով ևս նախատեսված չէ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա քրեական գործի կարճման հիմք։ Խոսքը վերաբերում է քրեական գործի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքերը սահմանող 35-րդ հոդվածին։

Հետևաբար, Սահմանադրական դատարանի որոշումը բոլոր դեպքերում կատարման ենթակա չէ։

Հ․Գ․1 Իրավաբանությունը մեկ քայլանի կոմբինացիաներ չի սիրում։ Այն նման է շախմատի․ երբ թվում է, թե "մատ ես արել" կամ "մատ ես եղել", պետք է ստուգել բոլոր հնարավոր քայլերը, և հանկարծ կարող է պարզվել, որ ամենակարևոր քայլերը պարզապես չես նկատել, իսկ դրանք կան։

Հ․Գ․2 Մարտի 1-ի գործը հնարավոր չէ մարսել ո՛չ քաղաքական և ոչ էլ իրավական ճանապարհով։ Հայաստանի օրենսդրությունը և հայ հասարակությունը դա թույլ չեն տալիս։