Գանգստեր ստահակներ. Երևանում պատահաբար անցնող տղամարդուն կացնով տանջամահ են արել. նոր մանրամասներ Հայաստանը ցնցած սպանությունի

Գանգստեր ստահակներ. Երևանում պատահաբար անցնող տղամարդուն կացնով տանջամահ են արել. նոր մանրամասներ Հայաստանը ցնցած սպանությունի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, բացահայտվել է մեկ այլ ծանր հանցագործություն. 37-ամյա տղամարդու սպանությանը հաջորդել է ևս մեկ սպանություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք անձինք, Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, առանձնակի դաժանությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, մուրճով հարվածներ էին հասցրել 37-ամյա տղամարդուն, որի արդյունքում վերջինս կորցրել էր գիտակցությունը: Այնուհետև միջադեպի մասնակիցներից մեկը՝ 31-ամյա տղամարդը, նկատելով, որ վերջինս ողջ է, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նրան նետել էր բետոնե ջրատարի մեջ: Տղամարդը, ուշքի գալով, փորձել էր բռնվել ջրատարի պատից, սակայն նրանցից մեկը, նկատելով այդ հանգամանքը, ոտքով հարվածել էր դեմքին, ինչի արդյունքում նա կրկին ուշագնաց էր եղել և ընկել ջուրը. վերջինիս դին հայտնաբերվել է Երևան ՀԷԿ-ի ջրատարներից մեկում:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ սպանության կատարմանն ականատես է եղել քննությամբ դեռևս չպարզված անձը, որին նկատել են սպանությունը կատարած անձինք: Եվ որպեսզի իրենց կողմից իրագործված հանցանքը թաքցնեն, մեղադրյալներից մեկը՝ 31-ամյա տղամարդը, կացնով երկու անգամ հարվածել է նրա պարանոցի հատվածին, որից հետո համոզվելով, որ սպանել է վերջինիս, դին գցել է Հրազդան գետը, որը հայտնաբերվել է 2021թ. մարտի 22-ին՝ ժամը 13:30-ին, «Երևանյան լճում»:

Հաշվի առնելով նոր երևան եկած հանգամանքները՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, և որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, սպանության զոհ դարձած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: