Եթե Վազգեն Մանուկյանի ասածն իրականություն դառնա, Հայաստանը կմտնի քաղաքացիական պատերազմի մեջ

Եթե Վազգեն Մանուկյանի ասածն իրականություն դառնա, Հայաստանը կմտնի քաղաքացիական պատերազմի մեջ

1in.am-ը գրում է.

 

«Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել»,- օրերս Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի ունեցած հերթական մարզային հանդիպման ընթացքում հայտարարել է  «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Դա ժողովրդի բնական իրավունքն է, այդ իրավունքը ամրագրված է Միացյալ Նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է»,- հայտարարել է 17 ուժերի միասնական թեկնածու Վազգեն  Մանուկյանը:

 

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե Վազգեն Մանուկյանի ասածն իրականություն դառնա, Հայաստանը կմտնի քաղաքացիական պատերազմի մեջ: «Հայաստանում կսկսվի եղբայրասպանություն։ Եթե դա է իրենց նպատակը, ապա թող ավելի պարզ ասեն։ Այն 4000-ը, որ զոհվել են ռազմաճակատում, փաստորեն նրանք դրանով չեն կշտացել, էլի են արյուն ուզում։ Ապստամբության կոչ անողները հայ մարդկանց արյան են ծարավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանի խոսքով՝ նրանք, ովքեր մինչ այժմ սատարել են Վազգեն Մանուկյանին, պետք է կողմնորոշվեն. «Իրենք կրելո՞ւ են  քաղաքացիական պատերազմ հրահրելու մունդիր, բոլշևիկների պոպոզավոր գլխարկներ։ Երբ 11-րդ բանակը մտավ Հայաստան ու հրահրեց քաղաքացիական պատերազմ, նման գլխարկներ էին կրում։ Հիմա իրենք էլ պետք է կողմնորոշվեն՝ բոլշևիկյան պոպոզավոր գլխարկներ կրող գործիչնե՞ր են, թե՞ ոչ։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ անցել  են այն ժամանակները, երբ մոլագար փոքրամասնությունը Հայաստանում կարող է քաղաքացիական կռիվ սկսել։ Դա կխեղդվի իր մաղձի մեջ։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Այո՛, պատերազմում պարտվել  ենք, ունենք ապաշնորհ իշխանություն, բայց դեռ  ժողովրդավարական երկիր է։ Ուստի հարկավոր են ժողովրդավարական գործընթացներ իշխանափոխության հասնելու համար։ ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի ճնշող  մեծամասնությունը ներքին ու արտաքին խաղաղություն է ուզում»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, նշեց. «Ես առիթ ունեցել եմ ասելու, որ եթե  այդ ուժերը՝  նախկինները, նոյեմբերի 9-ից հետո այդ շոկային իրավիճակում չհասնեն իշխանափոխության, որը և հաշվարկել էին, գնալու են ուժային տարբերակի։ Նրանք այդ մասին անթաքույց հայտարարել են։ Մենք Հոկտեմբերի 27, Մարտի 1 տեսած ժողովուրդ ենք, ու չի բացառվում, որ նրանք գնան այդ տարբերակով»։

Ըստ Մակեյանի՝ իրենք այլ ճանապարհ չունեն. «Այն մեխանիզմը, որ ներկայացնում են այդ ուժերը, միամիտների համար է՝ մեկ տարով գա Վազգեն Մանուկյանը... իրենք պարզապես ուզում են ընտրական համակարգն իրենցով անել։ Հիմա տեսնում են՝ դա էլ չի ստացվում, դրա համար  էլ, կարծում եմ, մեծ հավանականություն կա Հոկտեմբերի 27-ի կրկնության»։

Ապստամբության սցենարը, Մակեյանի դիտարկմամբ, խիստ վտանգավոր է. «Լուծումն իշխանությունների ձեռքում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, թույլ չտա, որ իր դեմ Հոկտեմբերի 27 անեն։  Նման զարգացումները պետության համար, որի հիմքերը արդեն խարխլված են, վտանգավոր են։ Իշխանությունները չպետք է այդքան լավատես լինեն»։