Ավտոգազը թանկացել է. ահազանգում են վարորդները. ի՞նչն է պատճառը

Ավտոգազը թանկացել է. ահազանգում են վարորդները. ի՞նչն է պատճառը

Վերջին օրերին վարորդները դժգոհում են, որ գազալցակայաններում ավտոգազը թանկացել է։

 

Հայաստանի «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլ են ահազանգեր ստանում, որ գազալցակայանները գազը թանկացրել են, բայց թանկացումը 10-20 դրամով է։ Տիգրանյանի խոսքերով՝ այդ թանկացումը պայմանավորված է դոլարի կուրսի տատանումներով։ «Թանկացումը կապված է դոլարի կուրսի հետ։ Շուկայում հազարումի տեսակի ապրանք թանկացել է, գազն էլ է թանկացել, ու այդ բոլոր թանկացումների պատճառը դոլարի կուրսի բարձրացումն է»,- ասաց Տիգրանյանը։

 

Շուկայի վերահսկողության տեսչությունից «Առաջին լրատվական»-ին ասացին, որ գազի գնի վերահսկողությունն իրենց տիրույթում չի։ Հետևաբար' կոմպետենտ չեն այդ հարցում։


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից էլ «Առաջին լրատվական»-ին պատասխանեցին, որ հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։ «Եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ ՀՀ ՏՄՊՊՀ-ն շուկայում մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք աշխատանքները ամփոփելուն պես»,- փախանցեցին հանձնաժողովից։

 

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն, անդրադառնալով գազի գնի թանկացմանը՝ նկատեց, որ չի հետևել գազալցակայաններում գազի գնի թանկացմանը, բայց ցանկացած թանկացում մեր երկրում հնարավոր է և դա պայմանավորված է որոշակի հանգամանքներով, որոնցից գերիշխողը մենաշնորհներն են։ «Եթե ավտոգազը թանկացել է, ապա դա էլ է բնական։ Մենաշնորհային տնտեսությունը Հայաստանում չի վերացել։ Մեր շուկայում մրցակցություն չկա։ Գազի շուկայում էլ է մենաշնորհ։ Գազը ներկրվում է Ռուսաստանից։ Մրցակցություն կարող է լինել, եթե Իրանը մտնի մեր շուկա։ Դա էլ կախված է մենաշնորհները տնօրինողների ցանկությունից։ Մենք գիտենք, որ մենաշնորհները Հայաստանում կան, դրանք չեն վերացել, և իրենք էլ վերահսկում են շուկան։ Նույնն էլ վառելիքի շուկայում է։ Այս կառավարությունը դեռևս 2.5 տարի առաջ խոստացավ, որ մենաշնորհներ չեն լինելու, բայց 2.5 տարի հետ ոչինչ չի փոխվել։ Այնպես որ, թանկացումները զարմանալի չեն»,- ասաց Արիստակեսյանը։

 

Նշենք, որ Հայաստանում մոտ 400 գազալցակայան է գործում, շուրջ 700 հազար մարդ իրենց տրանսպորտային միջոցները շահագործում են գազով։