«Օրենքով գող» Արտյոմին՝ Զապի քրոջ տղային դատարանը շատ երկար ժամանակով դատապարտեց. վճիռ

«Օրենքով գող» Արտյոմին՝ Զապի քրոջ տղային դատարանը շատ երկար ժամանակով դատապարտեց. վճիռ

«Առաջին լրատվական»-ը գրում Է.

 

«Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) Ա.Ղ.-ին», ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցության պայմաններում օրերս մեղադրանք է առաջադրվել:  «Օրենքով գող» համարվող Ա. Ղ.-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով ամբաստանյալ լինելով և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելով կալանքի տակ, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի  ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ:

Ըստ հաղորդագրության՝ Ա. Ղ.-ն 2019  թվականի հունիսին համաձայնության է եկել վերոհիշյալ Կ. Ս.-ի հետ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից խոշոր չափերով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր և «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու հարցում իրեն օժանդակելու շուրջ:

Կ. Ս.-ն 2019 թ. հունիսի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր՝ 0,3192 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր և մանր չափի՝ 0,31 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց՝ Ա. Ղ.-ին ապօրինի փոխանցելու համար:

Կ. Ս.-ն վերը թվարկված թմրամիջոցներն իր մոտ թաքցրել և նույն օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում կայացած դատական նիստին մասնակցելու նպատակով տեղափոխվել է դատարան, որտեղ թմրամիջոցներն ապօրինի փոխանցել է Ա. Ղ.-ին։ Վերջինս փոխանցված թմրամիջոցները վարտիքի մեջ է թաքցրել ու իր հետ տեղափոխել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ թմրամիջոցները հայտնաբերվել են անձնական խուզարկության ժամանակ:

Ըստ հաղորդագրության՝ նույն քրեական գործի շրջանակներում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման օժանդակության համար մեղադրանք է առաջադրվել նաև Կ.Ս.-ին: ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է, որ ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը խափանելու, կանխելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Գյումրեցի «օրենքով գող» Ա. Ղ.-ն Արտյոմ Ղազարյանն է, նրան թմրամիջոցներ փոխանցած Կ. Ս.-ն՝ Կարեն Սարգսյանը: Նրանց նախորդ «համատեղ» գործը քննվել է  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ:

Արտյոմ Ղազարյանի ու Կարեն Սարգսյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, որը վերաքննիչ քրեական դատարանը՝  Տ. Սահակյան, Ռ. Բարսեղյան, Ս. Մարաբյան կազմով, թողել է անփոփոխ:

Ըստ այդ գործով առաջադրված մեղադրանքի՝ քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Ա. Սողոյանի քրոջորդի, «գյումրեցի  «օրենքով գող» համարվող, նախկինում չդատված 35-ամյա Արտյոմ Ղազարյանը ապօրինի ձեռք է բերել ու պահել 9 մմ տրամաչափի առնվազն 4 փամփուշտով լիցքավորված ակոսափող հրազեն:

2017 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, գտնվելով Գյումրի քաղաքի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ, «գործով չպարզված շարժառիթով» վիճաբանության ժամանակ Արտյոմ Ղազարյանն իր մոտ եղած ակոսափող հրազենից, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձը՝ «Կալաշնիկովի» «կոնստրուկցիայի» հրազենից  30-ամյա Գեորգի Հ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիների առկայության պայմաններում, կրակոցներ են արձակել Գեորգի Հ.-ի ուղղությամբ:

Արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ՝ որովայնի աջ կեսի հրազենային գնդակային չթափանցող վիրավորման ձևով՝ փափուկ հյուսվածքների վնասումով, որովայնի առաջնային պատի ձախ կեսի հրազենային գնդակային թափանցող վիրավորման ձևով՝ բարակ աղեգալարների ու նրանց միջընդերքի վնասումով:

Միջադեպից անմիջապես հետո Արտյոմ Ղազարյանը, ըստ մեղադրանքի, նստել է «ԲՄՎ X5» մեքենան, որը վարել է Կարեն Սարգսյանը, և հեռացել է դեպքի վայրից:

Ըստ մեղադրանքի՝ Գեորգի Հ.-ին սպանելու՝ Արտյոմ Ղազարյանի դիտավորությունը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ քանի որ ծանր վնասվածք  ստացած տուժողին անմիջապես տեղափոխել են  բժշկական կենտրոն, բժշկական միջամտության արդյունքում նրա կյանքը փրկվել է:

31-ամյա Կարեն Սարգսյանը մեղադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ կրակոցներից անմիջապես հետո կրակողներին ու հանցագործության գործիք զենքերը իր վարած մեքենայով հեռացրել է դեպքի վայրից՝ այդ կերպ օգնելով նրանց ու պարտակում կատարելով:

Արտյոմ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել  խմբի կազմում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դեպքից հետո Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նա հայտնաբերվել է 2017 թվականի օգոստոսին՝ դեպքից մոտ մեկուկես ամիս անց: Գտնվել է կալանքի տակ, ապա ընդհանուր իրավասության դատարանը նրան 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել, բայց վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի այդ որոշումը և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի: Արտյոմ Ղազարյանը 2018 թվականի նոյեմբերի 14-ին նորից կալանքի տակ է առնվել:

Դատարանում Արտյոմ Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, թե գործով տուժող Գեորգի Հ.-ն իր բարեկամն է, նրա հետ ինքը լավ հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը՝ 2017 թվականի հունիսի  25-ին, ժամը 22-ն անց 45-ի սահմաններում ինքը Գյումրիի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ չի եղել, տուժողին  վնասվածքներ չի պատճառել:

Կարեն Սարգսյանը, ում «Չախալ Կարեն» են ասում,  նախաքննական ցուցմունքում հայտարարել էր, թե ինքն է կրակոցներ արձակել, նա նույնիսկ իրեն մեղավոր է ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե շուրջ 4 ամիս գտնվում է ՔԿՀ-ում, խիղճը հանգիստ չի տալիս, քանի որ տեսնում է՝ իր արածի համար ուրիշն է մեղադրվում: Նա պնդել է, թե ինքն է Գեորգի Հ.-ին մարմնական վնասվածքներ պատճառել: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության պարտակման համար    առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Կարեն Սարգսյանը դիրքորոշում չի հայտնել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Գեորգի Հ.-ն (Գոգան) հայտնել է, թե դեպքի պահին ինքը կանգնած է եղել «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց, երբ իր ուղղությամբ կրակոց է հնչել, գնդակը դիպել է իր փորին, կրակողն իրեն անծանոթ անձ էր: Մինչև օրս իր համար անհասկանալի է՝ ով է եղել իր վրա կրակողը, ինչու է կրակել, քանի որ ինքը թշնամիներ չուներ ու չունի, որևէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չի եղել: Մեղադրվում է  իր բարեկամ Արտյոմը, բայց իրենց հարաբերությունները նորմալ են, իր կարծիքով՝ իր վրա կրակողը հաստատ Արտյոմը չի, իրենց մեջ թշնամանք չի եղել ու չկա:Կարեն Սարգսյանին չի ճանաչում, իր վրա կրակողը Կարենն էլ չի եղել, ինքը տեսել է կրակողին, դա անծանոթ մեկն էր:

Այս գործով եղել են վկաներ, ում նկատմամբ  պաշտպանության միջոց է կիրառվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ դատարանը հաստատված է գնահատել, որ անհայտ պատճառով վիճաբանության ընթացքում Արտյոմ Ղազարյանը իր մոտ գտնվող ակոսափող հրազենն ուղղել է Գեորգի Հ.-ի որովայնին ու մոտ տարածությունից՝ մոտ 1,5 մետրից, առնվազն 2 կրակոց է արձակել՝ Գեորգի Հ.-ին որովայնի շրջանում պատճառելով ծանր վնասվածք:  Կրակոցներից հետո Արտյոմ Ղազարյանը նստել է սրճարանի դիմաց կայանված մեքենայի դիմացի աջ նստատեղին ու հեռացել է: Դատարանը հաստատված է գնահատել, որ Արտյոմ Ղազարյանի դիտավորությունը եղել է տուժողին սպանելը: Այդ դիտավորությունն ավարտին չի հասցվել՝ տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում:

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Արտյոմ Ղազարյանին մեղսագրված արարքը: Չփարատված կասկածները մեկնաբանելով ամբաստանյալի օգտին՝ դատարանը նրա մեղադրանքը փոքր-ինչ մեղմացրել, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով՝  խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի, այլ՝ պարզապես սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Արդյունքում՝ Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով, դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ նրա գտնված ժամանակահատվածը, վերջնական պատիժ է նշանակվել 7 տարի 5 ամիս 5 օր ազատազրկում: Պատժի սկիզբը՝  2018 թվականի նոյեմբերի 14-ից:

Կարեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 28-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել փաստաբան Ե. Սարգսյանը, ամբաստանյալ Կարեն Սարգսյանը և գործով մեղադրող դատախազը:

Պաշտպանը իր բողոքում միջնորդել էր բեկանել դատավճիռը, Արտյոմ Ղազարյանի ու Կարեն Սարգսյանի  վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ: Սպանության փորձի մեղադրանքում Արտյոմ Ղազարյանին չարդարացնելու դեպքում պաշտպանը միջնորդել էր մասնակիորեն՝ այդ մեղադրանքի մասով, բեկանել դատավճիռը, վերաորակել արարքը՝ որպես տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու նշանակել արդարացի պատիժ:

Ամբաստանյալ Կարեն Սարգսյանն իր բերած բողոքով միջնորդել էր իր մասով բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:

Գործով մեղադրող դատախազն իր վերաքննիչ բողոքով պահանջել էր անհիմն ու անօրինական ճանաչել առաջին ատյանի դատարանի կողմից Արտյոմ Ղազարյանի արարքը սպանության՝ ավելի մեղմ մասով վերաորակելը, Արտյոմ Ղազարյանին մեղավոր ճանաչել  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով, և սահմանել ա՛յդ արարքին համաչափ՝ առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժից ավելի խիստ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրանքի ու պաշտպանության կողմերի վերաքննիչ բողոքները՝

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ անփոփոխ:

Արտյոմ Ղազարյանի ու Կարեն Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ե. Սարգսյանը նաև վճռաբեկ բողոք է բերել:

Պաշտպանը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, առաջադրված մեղադրանքներում հռչակել Արտյոմ Ղազարյանի և Կարեն Սարգսյանի անմեղությունը կամ, Արտյոմ Ղազարյանին չարդարացնելու դեպքում սպանության փորձի մեղադրանքը վերաորակել որպես դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ:

Պաշտպանը փաստարկել է, թե Վճռաբեկ դատարանը բողոքը պետք է վարույթ ընդունի, քանի որ առկա են օրենքով նախատեսված համապատասխան հիմքերը՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Ըստ պաշտպանի՝ տվյալ գործով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Բացի այդ՝ բողոքարկվող դատական ակտում կիրառված նյութական, դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2020 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ մերժել է ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը՝  արձանագրելով, որ բողոքաբերը չի հիմնավորել վերը թվարկված խնդիրները:

Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: